Apple-ը մտադիր է արմատապես փոխել iPhone-ի, iPad-ի և Mac- ի ինտերֆեյսը

Նմանատիպ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան պատրաստում է իր հիմնական արտադրանքի՝ iPhone-ի, iPad-ի և Mac-ի ծրագրային ապահովման (software) ամենամասշտաբային թարմացումներից մեկը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց տեղեկությունների՝ թարմացումը նախատեսում է գաջեթների ինտերֆեյսի «արմատական փոփոխություն», որի մեջ է մտնում պատկերների, հավելվածների պատուհանների ոճը, ինչպես նաև ցանկը:
Մասնավորապես, ընկերությունն աշխատում է օգտվողների համար սարքերի նավիգացիայի և կառավարման եղանակը պարզեցնելու ուղղությամբ։ Գործակալության աղբյուրները նշում են, որ ինտերֆեյսի նոր դիզայնը «ընդհանուր գծերով հիմնված կլինի» Vision Pro վիրտուալ իրականության համակարգի ծրագրային ապահովման վրա:
Bloomberg-ը գրում է, որ մշակումները ստացել են «հաջողություն» (Luck) և «ուրախություն» (Cheer) ծածկանունները։ Ինտերֆեյսի փոփոխությունները կհայտնվեն iOS 19, iPadOS 19 և macOS 16 ծրագրերի թարմացումներում։
Գործակալությունը նշում է, որ Apple-ը չի նախատեսում միավորել օպերացիոն համակարգերը: Սպասվում է, որ ծրագրային ապահովման նոր տարբերակները կներկայացվեն հունիսին Apple-ի մշակողների համաշխարհային համաժողովում:
Մարտի 8-ին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Apple-ը չի կարողանա մինչև 2025 թվականի վերջ ներկայացնել ԱԲ տեխնոլոգիաների հիման վրա Siri ձայնային օգնականի թարմացումը: Նշվում էր, որ ընկերության ձգտումը շուկայում դիրքերն ամրապնդելու և ծառայությունների շուկայում Siri-ի լայնածավալ վերամշակման հաշվին հանգեցրել է արտադրանքի որակի վատթարացման։
Այս ֆոնին, ըստ գործակալության զրուցակիցների, Apple-ի ծրագրային ապահովման մշակման գծով փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին մտավախություն է հայտնել, որ ներդրվող տարբերակներից շատերը չեն գործում ինչպես հարկն է:
Bloomberg-ը նաև պարզաբանել է, որ ձայնային օգնականի նոր տարբերակի մշակման հետ կապված խնդիրները պայմանավորված են շտապողականությամբ, քանի որ ի սկզբանե նախատեսվում էր թարմացումներ իրականացնել այս տարվա ապրիլին iOS 18.4 օպերացիոն համակարգի թողարկման հետ մեկտեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում