Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, քանի տոկոս ձայն կհավաքեին կուսակցությունները․ Gallup

Նմանատիպ
Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 11,8 տոկոսն ասել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։ Նա պարզաբանել է, որ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 0,5 տոկոս։ Նավասարդյանն ավելացրել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 4,7 տոկոսը (անկումը՝ 1,8 տոկոս)։ Նա նշել է, որ ամենամեծ անկումը (3,3 տոկոս) գրանցել է ԴՕԿ կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 տոկոսը։ Նա դա կապել է այն բանի հետ, որ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը դադարել է շփվել հանրության հետ ԱՄՆ-ում բերման ենթարկվելուց հետո։
Նրա տվյալներով՝ չորրորդ տեղը զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 2,7 տոկոսը (0,3 տոկոս աճ), «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կքվեարկեր 2,1 տոկոսը (0,2 տոկոս նվազում), «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 0,7 տոկոսը (անկումը՝ 1,1 տոկոս)։
«Հարցվածների 0.7 տոկոսը կքվեարկեր Ազգային դեմոկրատական բեւեռի օգտին, 0.3 տոկոսը՝ ՀՅԴ-ի, 0.2 տոկոսը՝ Հայ ազգային կոնգրեսի։ Հարցվածների 6,2 տոկոսը ոչ մեկի օգտին չէր քվեարկի, եւս 4,7 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները։ Ընտրություններին չէր մասնակցի 32,1 տոկոսը. Հարցին դժվարացել է պատասխանել 24,6 տոկոսը, հրաժարվել է պատասխանել հարցվածների 4 տոկոսը»,- նշել է փորձագետը։
Նա տեղեկացրել է, որ հարցվածների ավելի քան 60 տոկոսը կողմ է եղել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը։
«Հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ միանշանակ անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել, 16.4 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ, 10.3 տոկոսը՝ ավելի շուտ ոչ անհրաժեշտ, 23.5 տոկոսը՝ հաստատ անհրաժեշտ չէ»,- եզրափակել է Նավասարդյանը։
Հեռախոսային հարցումն անցկացվել է 1 100 հարցվածների շրջանում փետրվարի 27-ից մարտի 6-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում