Ռուբեն Վարդանյանի կնոջ ու քրոջ խնդրանքով, Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Նմանատիպ
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքն իրեն ու իր հետ հացադուլ հայտարարած անձանց հորդորել է դադարեցնել բողոքի այդ ձևը, որպեսզի Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում իրեն վատ չզգա, ամուր մնա։
«Մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, իր կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որ մեր քայլով որևէ կերպ վատ չզգա նա: Մենք, լսելով իրենց, խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,- նշեց նա:
Նա հավելեց, որ այսօրվանից կդադարեցնեն հացադուլը, բայց նաև թիմով քննարկել են անցնելու գործողությունների ավելի ակտիվ փուլ: «Մենք բավարար ջանքեր չենք գործադրել և դրա պատճառով է Ռուբեն Վարդանյանը հացադուլ սկսել այս ամենի հետևանքով, կարծես անտարբերության թմբիրի մեջ լինենք, հայ գերիներ են գտնվում Բաքվի բանտերում, իսկ մեր առօրյան չի փոխվում»,- նշեց նա:
Թանդիլյանի խոսքով՝ ակտիվ գործողությունների փուլ պետք է մտնեն, այնպես որ աշխարհն իմանա որ չեն ներելու, չեն լռելու, և բոլորը պետք է վերադառնան տուն:
«Դրա համար նախանշել ենք երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետն այն է, որ այնպես պետք է անենք, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Մենք միջազգային կառույցներից պետք է պահանջենք մասնակցություն բոլոր գերիների «դատավարական գործընթացներին»: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուրբաթ ժամը մեկին հավաքվելու ենք և կպահանջենք Մակ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ, որ գնան ու այդ դատավարություններին մասնակցեն, մենք պետք է ստանանք պատասխաններ:
Միջազգային կառույցները պետք է հասկանան՝ մենք լինելու ենք հետևողական, մենք ՀՀ իշխանությունը չե՛նք: Եկեք միասին մի բռունցք դառնանք, հա՛յ ժողովուրդ, պետք է ոտքի կանգնենք ու ասենք՝ մեր գերիները պետք է վերադառնան տուն»,- շեշտեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում