Tesla-ն էժան մեքենաներ կարտադրի

Tesla-ն էժան մեքենաներ կարտադրի

Չնայած Իլոն Մասկի հայտարարությանը, որ Tesla-ն էժան մեքենաներ չի արտադրի, ընկերությունը սկսելու է թողարկել Model Y-ի պարզեցված տարբերակը։ Այս մասին հայտնում է չինական 36Kr պարբերականը:

Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ ընկերությունը նախատեսում է ներկայացնել միանգամից մի քանի մատչելի էլեկտրական մեքենա: Դրանցից առաջինը Model Y-ի փոխված տարբերակը կլինի: Model Y քրոսովերը վաճառվում է 2020 թվականից, ԱՄՆ-ում դրա արժեքը 31,5 հազար դոլար է։

Մոդելի պարզեցված անալոգը կհավաքվի չինական Gigafactory Shanghai գործարանում և կունենա նույն շարժիչը, շասսին և մարտկոցը, ինչ մեքենայի սովորական տարբերակը։ Tesla-ն պարզեցրել է նաև Model 3-ը 2024 թվականի օգոստոսին՝ հեռացնելով սարքավորումների մի մասը և զեղչված գնով վաճառքի հանել Մեքսիկայում։

36kr-ի աղբյուրները չեն կարողանում նշել նոր մատչելի մեքենայի վաճառքի ճշգրիտ ժամկետները և արժեքը։ Լրագրողների կանխատեսմամբ՝ մեքենան կարող են ցուցադրել, երբ Model Y-ի սովորական տարբերակի պահանջարկը սկսի նվազել։

2024 թվականի նոյեմբերին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ներդրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իր ընկերությունը էժան մեքենաներ չի արտադրի։ 25 հազար դոլար արժողությամբ էլեկտրաքար ստեղծելու փոխարեն Մասկն առաջարկել էր ջանքերը կենտրոնացնել ինքնակառավարվող տաքսի արտադրելու վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում