Ես հետքայլ անող չեմ. Մարտուն Գրիգորյան

Նմանատիպ
«Մեր քաղաքը» դաշինքը, քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մարտուն Գրիգորյանն ու դաշինքի անդամները առաջին հերթին այցելեցին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմ, ստանալով թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։
Դիմելով Միքայել Սրբազանին, Մարտուն Գրիգորյանը նշեց, որ ինչպես միշտ, ավանդույթի համաձայն, սկսում են քարոզարշավը Սրբազանի օրհնությունը ստանալով։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում հավաստեց, որ իրոք ավանդույթ է դարձել, թե’ Գյումրու քաղաքապետի, թե’ Ազգային ժողովի ընտրություններից առաջ Մարտուն Գրիգորյանի ու նրա թիմի հետ հանդիպելը, օրհնություն ու բարեմաղթանքներ փոխանցելը, միաժամանակ շեշտելով, որ ցավոք, ոչ բոլոր քաղաքական ուժերն ու անհատներն են, որ հասկացել ու ըմբռնել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը, որն ավելի շատ վնասեց պետական մարմիններին, քան եկեղեցուն։
Ստանալով Սրբազանի օրհնությունը, «Մեր քաղաքը» դաշինքի անդամները շարժվեցին դեպի Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որտեղ հանդիպեցին գյումրեցիների հետ։
Հանդես գալով ելույթով, Մարտուն Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին հանդիպմանը մասնակցելու համար ու հայտարարեց, որ ավանդույթի համաձայն առաջին քայլն արդեն արված է ու ինչպես միշտ, ստացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։ Բացի այդ, տեղեկացրեց, որ նախօրեին դաշինքի անդամներով այցելել են «Շիրակ» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհելու արցախյան բոլոր պատերազմների նահատակների շիրիմներին։ Մարտուն Գրիգորյանը բոլոր ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը։
Իր խոսքում մարտուն Գրիգորյանը նշեց, որ քարոզարշավի առաջին օրերը հասկանալի պատճառով այնքան էլ տրամադրող չեն, քանի որ երկրում կան լուրջ պրոբլեմներ, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի իշխանությունները խոստացան անելու հերթական զիջումները, սակայն միաժամանակ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը խոստացավ, որ իրենք կանեն ամեն ինչ, կստեղծեն անհրաժեշտ տրամադրությունը, որպեսզի գյումրեցիները կարողանան մտնել նախընտրական գործընթացի մեջ։
Մարտուն Գրիգորյանը շեշտեց, որ քաղաքապետ դառնալու համար չէ միայն, որ մտել է այս պայքարի մեջ, այլ այս պայքարով, Գյումրու ընտրություններով կանխելու են թե’ Սահմանադրության փոփոխությունները, թե մնացյալ կործանարար գործընթացները, որոնք ապագայում սպասվում են երկրում։
Մարտուն Գրիգորյանի կոչով, միջոցառման ավարտից հետո «Մեր քաղաքը» դաշինքի անդամներն ու հանդիպմանը մասնակից գյումրեցիները մոմ վառեցին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում