ԱՄՆ-ում մտադիր են աշխատանքից ազատել ատոմային հետազոտություններով զբաղվող մի խումբ գիտնականների

ԱՄՆ-ում մտադիր են աշխատանքից ազատել ատոմային հետազոտություններով զբաղվող մի խումբ գիտնականների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է աշխատանքից ազատել Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIST) մի խումբ գիտնականների, որոնք պատասխանատու են ատոմի ոլորտում հետազոտությունների համար։ Այս մասին հայտնել է Wired ամսագիրը՝ վկայակոչելով գիտական հաստատության աշխատակիցներին։

«Վերջերս մեզ տեղեկացրեցին, որ եթե դաշնային կառավարության վերակազմակերպման ծրագրերում լուրջ փոփոխություններ չլինեն, ատոմային սպեկտրոսկոպիայի ամբողջ խումբը մի քանի շաբաթ անց կազատվի աշխատանքից»,- գրել է խմբի ղեկավար Յուրի Ռալչենկոն: Wired-ը նշում է, որ ատոմային ֆիզիկայի ոլորտում NIST-ի աշխատակիցների գիտական գործունեության արդյունքները պահանջված են ամբողջ աշխարհում և օգտագործվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիսահաղորդիչների արտադրությունը և միջուկային միաձուլումը։

Բացի այդ, անանուն մնալ ցանկացող NASA-ի աշխատակիցը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքի զգալի մասը փաստացի դադարեցվել է գիտական սարքավորումների գնման հետ կապված դժվարությունների պատճառով, որոնք առաջացել են պետական ծախսերի կրճատման Թրամփի արշավի պատճառով։

Ըստ Axios պորտալի՝ մարտի սկզբին NIST-ի ավելի քան 70 աշխատակից, որոնք գտնվում էին փորձաշրջանի մեջ, ազատվել են աշխատանքից: Նշվում է, որ NIST-ի աշխատակազմի կրճատումը կամ նրա նախաձեռնություններից հրաժարվելը կազդի արհեստական բանականության ամերիկյան արդյունաբերության՝ աշխարհում առաջատարությունը պահպանելու ունակության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում