Ֆրանսիական ընկերություններն անակնկալի են եկել Թրամփի առևտրային քաղաքականությունից

Ֆրանսիական ընկերություններն անակնկալի են եկել Թրամփի առևտրային քաղաքականությունից

Ֆրանսիական որոշ ձեռնարկություններ արդեն սկսել են զգալ Վաշինգտոնի նոր առևտրային քաղաքականության հետևանքները։ Նրանց տնտեսական ցուցանիշները նվազում են ամերիկյան շուկայում վատ արդյունքների պատճառով։ Այս մասին գրում է Le Figaro թերթը։ Բիզնեսի ղեկավարների գնահատմամբ՝ Թրամփի պահվածքը նպաստում է ԱՄՆ տնտեսության դանդաղեցմանը, որը կարող է տարածվել ամբողջ աշխարհում:

Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի ընտրություններում սկզբում ֆրանսիական բիզնեսի մոտ խանդավառություն առաջացրեց։ Նշում է Le Figaro թերթը։

Ըստ թերթի՝ բոլոր խոշոր ընկերությունները պատրաստվում էին առաջնահերթություն տալ ամերիկյան շուկային, քանի որ հարկերի նվազեցման և պետական կարգավորումների թուլացման հույսեր ունեին։ Թերթը գրում է, որ գործարարները չէին սպասում, որ նախագահը կկատարի իր նախընտրական սպառնալիքները, պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց կառաջարկի մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների՝ Մեքսիկայի, Կանադայի և Եվրոպայի ապրանքների համար։

«Մենք սխալվեցինք»,- Le Figaro-ի հետ զրույցում խոստովանել է ֆրանսիացի գործարարը։ France Industrie ընկերության նախագահ Ալեքսանդր Սոբոյի խոսքով՝ Թրամփի բազմաթիվ աղմկահարույց և հակասական հայտարարություններն «ուժեղացնում են անորոշությունը», ինչը «միշտ վատ է անդրադառնում բիզնեսի վրա»։ Փարիզից ներդրումային բանկիրը թերթի հետ զրույցում ընդգծել է. «դա լիակատար սարսափ է, բոլորը գնում են հոսքի հետ։ Նման պայմաններում անհնար է դառնում ընկերության կառավարումը»։

Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար ընկերությունները հրաժարվում են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում և նախընտրում են սպասել, Le Figaro-ին ասել են ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բիզնեսները ստիպված են կրճատել ծախսերը և պատրաստվել վերակազմավորման։ «Եվրոպական ընկերությունները վերադառնում են Եվրոպա վերաֆինանսավորման համար»,-բացատրել է ներդրումային բանկիրներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում