Ոչ ոք իրավունք չունի ձեր փոխարեն որոշում կայացնելու թե՛ Գյումրու ապագայի վերաբերյալ, թե՛ ՀՀ-ի․ Ռուբեն Մխիթարյանը՝ գյումրեցիներին

Նմանատիպ
«Գյումրիի ընտրություններում հաղթանակն ամենից շատ պետք է իշխող ուժին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր երկիրը հերթական օրհասական փուլում է և շատ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակահատվածում։ Իշխող ուժի ղեկավարը մեր բոլորի անունից պատրաստվում է գնալ ու ինչ-որ փաստաթղթերի տակ իր ստորագրությունը դնել։ Ոչ ոք, նույնիսկ Սարիկ Մինասյանը, որն ամենաարագը դարձավ ՔՊ-ի ջատագով, քան Փաշինյանի հետ 7 տարի առաջ քայլողները, ծանոթ չի այդ փաստաթղթերին։ Հիմա այդ մարդկանց այս հաղթանակը պետք է, որպեսզի թոզ փչեն թե՛ սեփական երկրի ժողովրդի աչքերին, թե՛ միջազգային հանրության աչքերին, թե իրենք լեգիտիմություն ունեն՝ մեր բոլորի փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնելու»,- շեշտեց Մխիթարյանը։
Ընդդիմադիր թեկնածուն հավելեց՝ իրենք ամեն ինչ արել են, որ հանրապետության երկրորդ՝ ամենախոշոր քաղաքում ՔՊ-ն իշխանություն չվերցնի։ Այժմ գյումրեցին իր քվեով պետք է իր դիրքորոշումը հայտնի։
«Այո, մենք ամեն ինչ արել ու անելու ենք այս ընթացքում, որպեսզի Գյումրին չունենա ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ։ Կոչ եմ արել միշտ ու հիմա էլ կոչ եմ անում՝ տնից դուրս գալ, գնալ ընտրությունների։ Եկեք, ընտրությանը մասնակցեք, որովհետև ձեր փոխարեն ոչ ոք իրավունք չունի որոշում կայացնելու թե՛ Գյումրու ապագայի վերաբերյալ, թե՛ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում