Պատրաստ եմ առանց որևէ նախապայմանի քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին. Ռուբեն Մխիթարյան

Պատրաստ եմ առանց որևէ նախապայմանի քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին. Ռուբեն Մխիթարյան

Գյումրի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով ձայների 8,08 %-ը ստացած «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի քվեարկել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին։

«Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է: Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.

Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին: Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է: Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով՝ երեկ կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքում Գյումրիում ոչ մի ուժի չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. Սարիկ Մինասյան, «ՔՊ»- 36.21%, Վարդան Ղուկասյան, «ՀԿԿ» – 20.5%, Մարտուն Գրիգորյան, «ՄՔ դաշինք» – 15.5%, Ռուբեն Մխիթարյան, «ԻՀՀ» – 8.08%, Կարեն Սիմոնյան, «ՄՀ դաշինք» – 6.11%։

Հետևեք մեզ նաև Telegram-ում