Ինչու՞ էր Ալիևին օդանավակայն պետք Վարանդայում (Ֆիզուլի)

Ինչու՞ էր Ալիևին օդանավակայն պետք Վարանդայում (Ֆիզուլի)

Երկու օր է ադրբեջանական մամուլը հեղեղված է Արցախի Հանրապետության օկուպացված Վարանդա քաղաքում Ալիևի վարչակազմի կողմից օդանավակայան կառուցելու աշխատանքների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն արդեն իսկ երկու թռիչք է կազմակերպել դեպի այդ օդանավակայան՝ առաջինը Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747-400 ինքնաթիռն էր և երկրորդը AZAL ավիաընկերության քաղաքացիական բորտը, որի առաջին ուղևորները հիմնականում հենց լրատվական դաշտի ներկայացուցիչներ էին։

Անկեղծ ասած՝ երեկ և այսօր հասցրել եմ ադրբեջանցի լրագրողների պատրաստած մի քանի ռեպորտաժ դիտել համացանցում։ Տեսարանը, իհարկե, երկակի զգացողություններ է առաջացնում։ Մի կողմից ցավալի է տեսնել, թե ինչպես է Հայրենի հողիդ վրա հանգիստ թշնամին քայլում, մյուս կողմից էլ՝ ադրբեջանցիների ցուցամոլությունն ու շտապողականությունը հետաքրքիր հետևությունների առիթ է տալիս։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ լրագրողը իջնում է Վարանդայում վայրէջք կատարած ինքնաթիռից և նկարահանելու ոչինչ չունի, բացի այդ նույն ինքնաթիռից և երկայթյա պրոֆիլներով արագ հավաքված օդանավակայանի շենքից։ Մնացած ամեն ինչն այնտեղ ավերակ է։ Չկա ոչինչ։

Իհարկե, հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի բնակեցնեն այդ տարածքները։ Բայց միթե՞ դա պետք էր սկսել հենց օդանավակայանից։ Ակնհայտ է, որ ոչ։ Օդանավակայանը Վարանդայում Ալիևին այլ բանի համար է պետք՝ այդպիսով նա նոր ուղիներ է տրամադրում, օրինակ, Արցախում գտնվող ռուս խաղաղապահներին։ Ադրբեջանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի ներկայությունն Արցախում չի սահմանափակվելու նախապես համաձայնեցված հինգ տարիներով և որ ապագայում այդ տարածաշրջանում տարբեր միջազգային ծրագրեր են իրականացվելու։ Դրա համար նա ամեն ինչ անում է, որպեսզի հենց Ադրբեջանը դառնա դեպի Արցախ տանող ճանապարհների հիմնական խաչմերուկը։ Այդ խնդրին ծառայելու համար է, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր թանկարժեք ճանապարհներ են կառուցում դեպի Արցախի տարբեր շրջաններ՝ լավ հասկանալով, որ կանխատեսելի ապագայում այդ ճանապարհները շահագործվելու են ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ զինվորականների և Արցախում աշխարհատնտեսական շահ հետապնդող երկրների համար։

Ըստ էության, սա Հայաստանը բլոկադայի ենթարկելու, տարածաշրջանային զարգացումներից դուրս մղելու և Հայաստան-Արցախ կոմունիկացիոն գործոնը թուլացնելուն ուղղված քաղաքականություն է։ Ճիշտ է՝ զուգահեռաբար Ալիևի վարչակազմը այս օդանավակայանով և ճանապարհների շինարարությամբ նաև ներքին լսարանին ուղղված փիար շոուներ է կազմակերպում, բայց բոլոր այս ենթակառուցվածքների հիմնական նպատակը աշխարհատնտեսական մրցակցությունն է և հետագայում Ադրբեջանի դերը Հարավային Կովկասում ու Արցախի ճակատագրում էլ ավելի մեծացնելը։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում