«Պարոն Էրդողան, քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն ականառու է, ինչպես արևի և լուսնի առկայությունը երկնքում». Է. Շարմազանով (տեսանյութ)

«Պարոն Էրդողան, քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն ականառու է, ինչպես արևի և լուսնի առկայությունը երկնքում». Է. Շարմազանով (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այն մեկ օրում չի մշակվել, այլ մի քանի տարվա  քրտնաջան աշխատանքի արդյունք է, որին մասնակցել են թուրքագետներ, պատմաբաններ, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերին համապատասխան սկզբունքներով և դրույթներով: Այստեղ Շարմազանովը հարկ համարեց հիշեցնել, որ  նախագծի սկիզբը դրվել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս  տարի  առաջ:

Ներկայացնելով հիմնավորումները՝ Շարմազանովը նկատեց, որ ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր:

«Դրա ապացույցը 1915-ին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր Փաշայի հետևյալ արտահայտությունն է, որը նա արել էր գերմանացի ռազմական կցորդի հետ զրույցում: Նա նշել էր, որ հույների և ասորիների հարցը կլուծի այնպես, ինչպես լուծեց հայկական խնդիրը: Երևում է, որ սա մեկ շղթա է»,-ասաց նա՝ բերելով մի շարք փաստեր:

Այնուհետ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ հայկական Սփյուռքին հասցեագրված Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստեր ներկայացնելու  ցինիկ  պահանջին. «Պարոն Էրդողան, քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն այնքան ականառու է,  որքան արևի և լուսնի առկայությունը երկնքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում