«Նավթային անեծք». ադրբեջանական տնտեսությունը քաղում է դառը պտուղները

«Նավթային անեծք». ադրբեջանական տնտեսությունը քաղում է դառը պտուղները

Ադրբեջանական կառավարությունը 2014թ-ը փակեց բյուջեում առկա դեֆիցիտով: Նախատեսված 4,4 տոկոս տնտեսական աճի փոխարեն ՀՆԱ-ի աճը կազմեց 3,6 տոկոս: 2013թ-ին տնտեսական աճը կազմել էր 5,8 տոկոս:

Ադրբեջանի Հանրապետությունը Իլհամ Ալիևի իշխանության գալուց ի վեր մինչ 2008թ-ի տնտեսական ճգնաժամն ապահովել է երկնիշ տնտեսական աճ: 2008թ-ին այդ աճն հասավ իր պիկին` 24.2 տոկոսի, իսկ այնու հետև սկսեց սրընթաց նվազել: 2015թ-ի համար ևս 4-ից ավելի բարձր տոկոս աճ են նախատեսել ադրբեջանական տնտեսագետները, սակայն միջազգային սակարաններում նավթի գների աննախադեպ նվազումը կանխատեսելի է դարձնում ադրբեջանական տնտեսության համար ծանր օրերի մոտեցումը:

Նախագահ Իլհամ Ալիևը սեփական ժողովրդին հանգստացնում էր, որ եթե նույնիսկ ադրբեջանական նավթի գինն իջնի բարելի դիմաց վաթսուն դոլար, ապա իրենք ոչ մի վնաս չեն կրի, սակայն հունվար ամսին լոնդոնյան սակարաններում ադրբեջանական նավթը հասել է բարելի դիմաց հիսուն դոլարի, և ոչինիչ չի երաշխավորում, որ այն չի շարունակելու նվազել:

Այս պարագայում նույնսիկ ադրբեջանական քարոզչամեքնան չի կարող սեփական ժողովրդին համոզել, որ իրենք չեն տուժելու և սոցիալական ծախսերի մի հսկա չափաբաժին չի կրճատվելու:

Իսկ պատճառներն ակնհայտ են: Ադրբեջանը ունի այնպիսի նկարագիր, որը բնորոշ է ածխաջրածանյին պաշարներով հարուս բոլոր երկրներին: Չնայած մեր հարևան երկրում թվերը խեղաթյուրելու վարպետ են, սակայն ԱՀ ազգային եկամուտների ավելի քան 85%-ը գոյանում է արտաքին առևտրից, որում հանածո վառելիքների (հում նավթ, բնական և հարակից գազ) մասնաբաժինն իր հերթին չի իջել 80% ցուցանիշից: Սկսած 2008-ից՝ այն կազմել է մոտ 95%: Այսինքն, եթե մոտավոր հաշվարկներով ադրբեջանական մեկ բարել նավթը գրեթե 40 տոկոս և ավելի արժեզրկվել է, ապա հասկանալի է, որ ադրբեջանական տնտեսությունն օրական միլիոնավոր դոլարների վնաս է կրում:

Ադրբեջանական կառավարությունը, ժամանակին օգտվելով նավթի գների աննախադեպ աճից, ամրապնդում էր իր իշխանությունը` նախապատվությունը տալով կարճաժամկետ հաջողություններին:

Էներգետիկ սեկտորը կարճ ժամանակում ոչնչացրեց ադրբեջանական տնտեսության մնացած ճյուղերը` երկիրը վերածելով մոնոտնտեսության: ԱՀ տնտեսական համակարգը բոլոր մոնոտնտեսություններին բնորոշ մասնակի և կարճաժամկետ առավելությունները համադրում է երկարաժամկետ ու համակարգային վտանգների հետ: Առավելություններն ակնհայտ են: Ածխաջրածինների շոշափելի պաշարների ինտենսիվ արդյունահանումն ապահովում է էական նյութական բարիքների արագ կուտակում, հնարավորություն է ընձեռում համեմատաբար ճկուն և զանգվածային կերպով ուղղել այդ բարիքը և՛ անձնական շահերին, և՛ քաղաքական ու ռազմավարական այս կամ այն խնդրի լուծմանը` համահունչ օրվա իշ- խանությունների պատկերացումներին և սեփական շահերը երկրի շահերի հետ համադրելու նրանց ունակությանը: Որոշ մասնագետներ ածխաջրածնային ռեսուրսների առկայությունը համարում են նավթային անեծք և ուղիղ կապ են տեսնում նավթի առկայության և տվյալ երկրում դիկտատուրայի հաստատման ու թույլ տնտեսություն ունենալու միջև: Ինչը, որ տեսնում ենք նաև Ադրբեջանի պարագայում: Մասնագետների մի մասն էլ տնտեսության նավթային ոլորտից կախումը համարում են հոլանդական հիվանդություն, ինչի համախտանիշներն են համարում ՀՆԱ-ի երեսունից ավելի տոկոս կախվածությունը էներգետիկ ոլորտից: Իսկ Ադրբեջանի պարագայում, ինչպես արդեն նշել եմ, շատ ավելի մեծ է:

Ալիևյան ռեժիմն իսկապես օգտվեց կարճաժամկետ այդ առավելություններից, իսկ այժմ եկել է երկարաժամկետ և համակարգային վտանգների հետ առերեսվելու ժամանակաշրջանը:

Մինչ այժմ ալիևյան դիկտատուրայի համար ամուր հենարան էր ծառայում նավթի բարձր գները, որի բարիքներից սեփական ժողովուրդն այնքան էլ չէր օգտվում:
Ադրբեջանը, ունենալով մեկ շնչին բաժին ընկնող բավականին բարձր ՀՆԱ (մոտավորապես 7500 ԱՄՆ դոլար), ինչը գորազանցում է տարածաշրջանի երկրների ցուցանիշներին երկու անգամ, ապահովագրված չէ սոցիալական հիմնախնդիրներից: Սոցիալական խնդիրների առկայության հիմնական պատճառը եկամուտների անհավասարաչափ բաշխումն է: Սա բխում է պետական համակարգի անկատարությունից, իշխանության կլանային կառուցվածքից, կոռուպցիայի բարձր մակարդակից և այլ ապակառուցողական տարրերից:
Եթե մինչ այս Ալիևյան ռեժիմը նավթադոլարների մսխման ողջ մեղքը բարդում էր երկրի ռազմական պոտենցիալի ամրապնդմանն ուղղած քայլերի վրա և խոստանում էր արցախյան ճակատում մոտալուտ հաղթանակներ, ապա սոցիալական դրության էլ ավելի վատթարացման պարագայում Ալիևը հարկադրված է ժողովրդին կերակրել ոչ թե մինչև Սևան հասնելու խոստումներով, այլ իրական քայլերի դիմելու վճռականություն ցուցաբերի: Եվ պատահական չէ այս օրերին հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացվող բազմաթիվ դիվերսիոն փորձերը:

Ադրբեջանում սոցիալական մեծ բունտ է հասունանում, որը վտանգներ է ստեղծում Ալիևյան ռեժիմի գոյության համար, ուստի Ալիևը պետք է առաջ քաշի արցախյան խաղաքարտը: Բացառված չէ, որ սահմանային այս միջադեպերը և միկրոպատերազմները վերածվեն իսկական լայնամսշտաբ ռազմական գործողությունների, ինչին հայկական կողմն իսկապես պետք է պատրաստ լինի:

Պատահական չէ, որ նավթի գների անկման հետ մեկտեղ Ադրբեջանում սկսվել է անկախ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների հետապնդում և հասարակությունից նրանց մարգինալացում. չէ՞ որ նրանք այն եզակի տարրերն են Ադրբեջանում, որոնք բացահայտում են Ալիևի իրական երեսը և խարխլում նրա միահեծան իշխանության հիմքերը: Չնայած Ալիևի գործադրած ջանքերին` ադրբեջանական հասարակությունը ներկայումս պայթունավտանգ է, իսկ նավթի գների նվազումը էլ ավելի է արագացնում դրա բռնկումը:Այպիսով, նավթային անեծքի հիմնական նզովյալը դառնում է Ալիևը, որի ժողովրդի մոտ գնալով հասունանում է իրենից խլված նավթադոլարների վերադարձման պահանջը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում