Կոմիտաս, բիբլիական Արարատ, հայկական նուռ. հայի պատմության ավազե անիմացիայով բացվեց «Ֆրեսկո» փառատոնը (ֆոտո)

Կոմիտաս,  բիբլիական  Արարատ,  հայկական  նուռ. հայի պատմության  ավազե  անիմացիայով  բացվեց  «Ֆրեսկո» փառատոնը  (ֆոտո)

Բարու  փառատոն. հայի պատմության  ավազե  անիմացիայով և  հայկական ռոքով Կարապի լճում  տրվեց  «Ֆրեսկո» արդի արվեստի և  հոգևոր  ֆիլմերի 2-րդ  փառատոնի մեկնարկը, որի ժամանակ հնչեց նաև հոգևոր և  ազգագրական երաժշտություն:

Փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում. այս տարի փառատոնը Մայր աթոռի աջակցությամբ է  նաև:

«Սա միջկրոնական, միջմշակութային երկխոսության վառ  վկայություն է: Ավելին՝ 21-րդ դարի  մարդը  մեկուսացված է, և  այս ու  նման այլ  փառատոններն օգնելու են դուրս  գալ այդ  մեկուսացումից, ինչպես նաև սիրո և ատելության բախման դարում քայլել տալ սիրո և լույսի ճանապարհով»,- ասում է Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի ղեկավար, փառատոնի հոգևոր խորհրդատու  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ի դեպ,  «Ֆրեսկոյի» այս տարվա նորություններից մեկը «Հավատ առանց սահմանների» ֆոտոցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են  հայտնի  իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի աշխատանքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող այլ   լուսանկարներ:

Փառատոնի նախօրեին Դմիտրի Բրիկմաննն ասաց, որ ընդամենը մեկ օր է մեր երկրում,  բայց արդեն հմայված եմ Հայաստանով  ու հայերով, հետո ավելացրեց, որ թարգմանությունն (երբ տեքստերը թարգմանում են լուսանկարների լեզվով) իր մոտ հատկապես լավ է ստացվում հայկական դուդուկի երաժշտության ներքո, ինչի համար երախտապարտ է  Ջիվան  Գասպարյանին: Իսկ այսօր Times.amի հետ ոչ պաշտոնական զրույցում ասաց, որ այսօր դուդուկ է գնել, որի փորձարկումը վաճառողն իր սիրած «Դլե յաման»-ով  է կատարել:

Իր հերթին փառատոնի հատուկ  հյուր՝  ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը, ով Սանկտ Պետերբուրգի «Ветер» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է,  պատմեց, որ Հայաստանում առաջին անգամ է և դեռ երկու օր, բայց առաջին իսկ վայրկյաններից հարազատություն է զգացել  հողից, ջրից, բնությունից, ուստի անպայման աշխատելու  է  նորից այցելել: Դարյայի ավազանկարչության թեման ինչպես վերևում նշեցինք՝  հայի պատմությունն էր՝ Կոմիտաս, Արարատ լեռ, հայկական նուռ, վանքեր: 

«2015-ը հայերի համար յուրահատուկ տարի է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, իսկ այդ իրադարձությունները  Կոմիտասի երաժշտության վրա թողել են իրենց ազդեցությունը: Փորձել եմ ինչ-որ կերպ ավազի միջոցով փոխանցել Կոմիտասի ապրումները, թեպետ այն դժվար է տրվել, քանի որ ռուսերեն լեզվով Կոմիտասի մասին շատ բան գտնել  հնարավոր չէ»,- նշեց Դարյան:

Ինչին ի պատասխան տեղեկացրեցի, որ Երևանում  բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,  որտեղ այցելելով կարող է շատ բան իմանալ  Վարդապետի մասին,  ինչը մեծ ոգևորությամբ և ուրախությամբ ընդունվեց. ամուսնու հետ անպայման կայցելի:

Հավելենք, որ փառատոնում ընդգրկված  ֆիլմերի բացօթյա դիտումները կազմակերպվելու են ամեն օր Կարապի լճի տարածքում, իսկ   փառատոնային  օրերից երեքը՝  հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են  Շիրակի մարզում՝ Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի  ձևաչափով: 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում