Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը:
«Կարծում եմ, որ պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարված են: Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերի դուրսբերումը»,-հայտարարել է ՌԴ նախագահն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ սա դրական ազդակ կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի բանակցությունների համար:
Միաժամանակ նշվել է, որ ռուսական կետերը Տարտուսում և «Հմեյմիմ» ավիաբազայում կշարունակեն իրենց աշխատանքը նախկին ռեժիմով: Այսինքն՝ զինվորականների մի մասը կմնա՝ վերահսկողություն իրականացնելու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:
ՌԴ նախագահը հանձնարարել է Լավրովին ակտիվացնել ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում խաղաղ գործընթացի կազմակերպման գործում:
Իր հերթին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Բաշար ալ-Ասադի հետ համաձայնեցրել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում