ՌԴ-ի և Ասադի միջև բանակցություններին քրդերի մասնակցության հարցում տարաձայնություններ են եղել
Նմանատիպ
Ռուսական օդատիեզերական ուժերի մուտքը Սիրիա կանխորոշված էր ամրապնդել նախագահ Բաշար Ասադի դիրքերը, որը ռուսների համար հարմար խաղացող է Սիրիայում. նախքան այդ սիրիական կառավարական ուժերը պարտություն էին կրում, այսօր իրավիճակ է փոխվել, ուստի այս առումով ՌԴ-ն իր առջև դրված խնդիրը կատարեց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց արևելագետ Սուրեն Մանուկյանը՝ միաժամանակ նկատելով, որ ռազմական առումով փոփոխությունները մեծ չեն՝ մի քանի կմ-երի տեղաշարժ, բայցև Դամասկոսին, Լաթաքիային վտանգ չի սպառնում, որոշակիորեն ամրապնդվել են դիրքերը Համա և Հոմս նահանգներում:
«Ռուսների ներկայության նպատակը ռազմական չէր, նրանք չէին հայտարարել, որ գալիս են ռազմական հաղթանակի հասնելու կամ օգնելու սիրիացիներին, Ասադին մաքրել իրենց երկիրը: Ռուսաստանը մտավ Սիրիա քաղաքական նպատակներով՝ հող պատրաստել բանակցությունների համար, երկրում որոշակի կայունություն ապահովել, ինչին հասավ, քանի որ երկրում քիչ թե շատ կայունություն կա, ընթանում են ժնևյան բանակցությունները: Բայց ամենակարևոր հարցն իր համար, որը լուծեց Ռուսաստանը սա է՝ դարձավ մերձավորարևելյան տարածաշրջանի գլոբալ և մեծ խաղացող և ռուսների հետ այսօր հաշվի են նստում, բանակցում. զինադադարի պայմանները ԱՄՆ-ն համաձայնեցրեց ՌԴ-ի հետ, բանակցությունների փաթեթը ևս»,- ասաց Ս.Մանուկյանը՝ հավելելով, որ իր հերթին Ասադի հյուծված բանակը ստացել է ռազմատեխնիկական որոշակի աջակցություն. ռուսները որոշակի տեխնիկական միջոցներ և անձնակազմ դեռ թողել են Սիրիայում:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը համաձայն է՝ Սիրիայում ռազմական ուժեր ուղարկելով ՌԴ-ը վերահաստատեց, որ ինքը Միջին Արևելքի առաջատար խաղացողներից մեկն է՝ հավակնելով գլոբալ ուժային կենտրոն լինելուն:
«Սրան Ռուսաստանը հասավ ուժային տարբերակով՝ ճնշում գործադրելով արևմտյան կոալիցիայի վրա, թե իր հետ պետք է հաշվի նստեն: Այսինքն՝ այս տարբերակը ռուսները փորձարկեցին Սիրիայում, որ Արևմուտքին կարող են ճնշել և ստիպել հաշվի նստել իրենց գոյության հետ: Այսօր խաղաղ բանակցություններն ուղենշվում են ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա, իհարկե, այս ամենը չի կարող հիմք լինել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների գլոբալ վերանայման հարցում, քանի որ ռուսական պետությունը խնդրահարույց խաղացող է համարվում և ԱՄՆ-ի թելադրանքին չի հետևում, ավելին` ինքն ունի սեփական ռազմավարությունն իր անմիջական հարևան երկրներում, աշխարհի որոշ ռազմավարական նշանակության տարածքներում: Դիմակայությունը կշարունակվի, դա մենք դեռ կտեսնենք ուկրաինական թատերաբեմում: Աշխարհաքաղաքական վերաձևումներ կտեսնենք նաև Միջին Արևելյան Ասիայի տարածաշրջանում»,-շեշտեց Գալստյանը:
Անդրադառնալով սիրիական քրդերի՝ Սիրիայի հյուսիսում տարածաշրջանային դաշնային վարչակազմի ստեղծման մասին հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ Սիրիան կմնա բազմազագ երկիր, և դաշնայնացումը գուցե լինի քննարկվող սցենարներից մեկը՝ կայունացնելու ներքին վիճակը, իհարկե, վերջնարդյունքի մասին վաղ է խոսել, մի բան հստակ է՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, քրդերն ամրապնդում են իրենց դիրքերը:
Արևելագետ Սուրեն Մանուկյանն իր հերթին շեշտեց՝ ֆեդերալացման հայտարարությունը սիրիական քրդերի կողմից ոչ այլ ինչ է, քան դեմարշ՝ ի պատասխան ժնևյան բանակցություններին իրենց չհրավիրման. «Քրդերը միակ ուժն են, որ չհրավիրվեցին բանակցություններին: Դաշնայնացման մասին հայտարարությունը հենց իրենց չհրավիրելու արձագանքն է: Քրդերը ցանկանում են ցույց տալ, որ կարող են ինքնուրույն գործողությունների գնալ: Հաշվի առնելով, որ դաշնայնացմանը դեմ է ոչ միայն Ասադը, այլև` ընդդիմությունը, սրանով քրդերն ընդամենը փորձում են սեփական կշիռն ընդգծել: Գործնականում ոչինչ չի փոխվել, սիրիական քրդերն առանց այն էլ ավտոնոմիա ունեն՝ ապրում են իրենց կանոններով, պաշտպանվում են իրենց բանակի կողմից, հարկեր են հավաքում»:
Մանուկյանը հավելեց, որ քրդերի՝ բանակցություններին մասնակցությանը դեմ են արտահայտվել հատկապես կառավարական ուժերը՝ սպառնալով նրանց մասնակցության դեպքում դադարեցնել իրենց մասնակցությունը. «Ուստի գլխավոր խաղացողների համար նախընտրելի է բանակցությունների սեղանին տեսնել Ասադին և 41 խմբավորումների ներկայացուցիչներին, քանի որ եթե Ասադը չգար, բանակցությունները կտապալվեին»:
Ի դեպ, Մանուկյանն ակնարկեց, որ ըստ որոշ խոսակցությունների, ՌԴ-ի կողմից հիմնական զինուժի դուրսբերման դրդապատճառներից մեկը Պուտինի և Ասադի միջև առաջացած տարաձայնություններն են քրդերի և երկրի դաշնայնացման խնդրում. «Ռուսները շատ են ճնշել Ասադին քրդերի մասնակցության և դաշնայնացման հարցով, որին կտրականապես դեմ է գնացել Ասադը, ուստիև ՌԴ-ը որոշեց ինչ-որ չափով «ձեռքերը լվանալ»»:
Ինչ վերաբերում է հրադադարի հաստատման պատճառներին, արևելագետը նկատեց, որ «Արևմուտքը, Եվրոպան գումար չունի, Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները չկան, դրա համար պետք էր դադար վերցնել՝ հասկանալու համար, թե կես տարի հետո ինչ տեղի կունենա, գուցե ֆինանսական միջոցներ լինեն իրենց խաղացողներին կրկին ակտիվացնելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում