«Սովի և կրակի միջև» վավերագրական ֆիլմն այլևս հասանելի է նաև անգլերեն թարգմանությամբ (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է Խոջալուի դեպքերի մասին պատմող «Սովի և կրակի միջև» վավերագրական ֆիլմի անգլերեն թարգմանությունը:

Այս փաստը չափազանց կարևոր և ողջունելի է, քանի որ, ինչպես գիտենք, ադրբեջանական քարոզչամեքենան ամեն առիթով փորձում է ներկայացնել իրենց ձեռնտու կեղծված տեղեկատվությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի դեպքերի մասին ճշմարտությունը ներկայացնող ֆիլմը հնարավորիս լայն տարածում գտնի ոչ միայն հայկական, այլև միջազգային հանրության շրջանում:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է 2012-ի մարտի 1-ին: Ֆիլմում ներկայացված են ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») հետ կապված մանրամասներ:

Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»:

Վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրումը կկայանա մարտի 3-ին, ժամը 18:00-ին’ «Մոսկվա» կինոթատրոնում: «Սովի և կրակի միջև. իշխանություն’ կյանքերի գնով» վավերագրական ֆիլմում ներկայացված են իրողություններ’ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառ են դարձել:

Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմում ներկայացված են Ադրբեջանի քաղաքական շրջանակների կողմից կատարված հանցագործությունները հաստատող անհերքելի փաստեր. հանցագործություններ, որոնց զոհ են գնացել կանայք, երեխաներ և ծերեր:
Փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ’ ֆիլմը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաև հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության և հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքում’ հիմք են դարձել այս մեծածավալ նախագծի ստեղծման համար, որը նպատակ ունի լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող մանիպուլյացիաների և շահարկումների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում