ՄԻՊ. Ակնկալում ենք, որ Զինվորական դատախազությունը կապահովի դեպքի բազմակողմանի քննություն
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Պաշտպանության նախարարին առաջարկել է հատուկ հաշվետվություն ներկայացնել Ազգային ժողով զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Երեկ երեկոյան ցավով ծանոթացանք Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած դեպքի մասին:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մահացած զինծառայողի ընտանիքին և հույս հայտնում վիրավորված զինծառայողի ապաքինման հարցում:
Ակնկալում ենք, որ Զինվորական դատախազությունը կապահովի այս դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, իսկ դատարանները, պահպանելով օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար կստեղծեն գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ:
Պետք է շեշտել, որ նման դեպքերում պատասխանատվության բեռը կրում են ՀՀ ՊՆ քննչական մարմինը, Զինվորական դատախազությունը և դատարանները, որոնք պատշաճ կարգով պետք է քննության առնեն յուրաքանչյուր դեպք և մեղավոր անձանց ենթարկեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Ընդ որում, գոյություն ունեցող մտահոգությունների և առաջարկների ուղղությամբ պետք է արմատական փոփոխություններ կատարել:
Առաջարկում ենք ՀՀ պաշտպանության նախարարին հնարավոր ձևաչափով Ազգային ժողով ներկայացնել տարեկան հաշվետվություն զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացության դեպքերի առաջացման պատճառների, կանոնադրային հարաբերությունների խախտումների, խեղումների, բժշկական ծառայության տրամադրման վիճակի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների և դրանց արդյունքների մասին:
Հավելենք, որ դեպքի կապակցությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցների մասին պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է ուղարկվել Պաշտպանության նախարարին, իսկ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կայցելեն վիրավորված զինծառայողին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում