Հասարակության «ուռուցքային բջիջն» անզուսպ բազմացման հակում ունի

Հասարակության «ուռուցքային բջիջն» անզուսպ բազմացման հակում ունի

Այսօր շատերից կարելի է լսել այսպիսի բովանդակություն ունեցող արտահայտություններ.
«ի՞նչ գործ ունի’ խառնվի ուրիշի կյանքին…»:

Բանն այն է, որ նման արտահայտություն անողները մեծամասամբ չեն էլ փորձել հասկանալ այդ արտահայտության բուն էությունը, այլ ընդհամենը կրկնում են թևավոր դարձված խոսքեր, ինչպիսիք են, օրինակ, «եղունգ ունես’ գլուխդ քորի…»: Դրա պարզ վկայությունն է, որ նույն մարդը հաջողությամբ կարող է նաև կողմ արտահայտվել հետևյալ արտահայտության օգտին’ «մեկը հանուն ամենքի և ամենքն էլ հանուն մեկի…»:

Փորձենք, մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ խնդրո առարկային:

Բարդ բազմաբջիջ օրգանիզմներում, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ նշանակության բջջային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ ֆունկցիա, կա մի ընդհանրություն. գենային ընդհանրությունն է:

Օրինակ, մարդն ունի մկանային բջիջներ, երիկամային, նյարդային, մաշկային, ճարպային և այլն… Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ ընդհանուր ֆունկցիա: Օրինակ, մկանային բջիջը կծկվում է ապահովելով շարժումներ, նյարդայինը ապահովում է զգացողություն կամ դրդում է շարժման մկանային բջիջներին, մաշկայինը կատարում է պաշտպանիչ ֆունցկիա և այլն…. բայց դրանցից յուրաքանչյուրը պատկանելով միևնույն օրգանիզմին’ ունի ընդհանրական գեներ, ընդհանրական ԴՆԹ’ հատուկ միմիայն այդ օրգանիզմին:

Հենց այդ է պատճառը, որ այդ բջիջներից յուրաքանչյուրի մոտ ի հայտ եկած ախտաբանական պրոցեսը սպառնում է ոչ միայն հարակից բջիջներին և օրգան համակարգերին, այլև ամբողջ օրգանիզմին, և կարող է հարցականի տակ դնել ամբողջ օրգանիզմի գոյությունը: Թերևս հենց այդ է պատճառը, որ եթե խնդիրը տեղում տեղային և արագ լուծում չի ստանում, ապա դրա լուծմանը խառնվում է օրգանիզմը: Կա նաև, օրինաչափ տրամաբանությամբ, հակառակ պատկերը. օրգանիզմի համընդհանուր խնդիրը յուաքանչյուր բջջի խնդիրն է, քանի որ օրգանիզմի գոյությամբ է պայմանավորված առանձին-առանձին բջիջների գոյություն ունենալու հնարավորությունը օրգանիզմի շրջանակներում: Այսպիսով, առկա մեկ բջջի խնդիրը դառնում է ողջ օրգանիզմի խնդիր, և ողջ օրգանիզմի խնդիրը’ յուրաքանչյուր բջջի խնդիրն:

Քննարկենք այս մոդելը հասարակության օրինակով:

Ընդհանրական գենոֆոնդ ունեցող հասարակության պարագայում նույնպես առկա է այդ պատկերը: Եւ օրինաչափ է ու տրամաբանական նման վարքագիծը: Հարևանի կամ մտերիմի, թեկուզ անծանոթի խնդիրներով հետաքրքրվելը, դրանց լուծման համար օգնություն առաջարկելը, արատավոր երևույթների նկատմամբ կոշտ կարծիքի արտահայտումը և անգամ միջոցների ձեռնարկումը դրանց չեզոքացման համար, խոսում է հանրության առոջղ լինելու մասին, և հակառակը գենետիկ ընդհանրություն ունեցող հասարակության պայմաններում միմյանցով հետաքրքրվածության բացակայությունը’ խոսում է հիվանդ հասարակության մասին:

Այնպիսի հասարակություններում, որտեղ չեն աշխատում ընդհանրական գենետիկ գիտակցական կամ ենթագիտակցական կապը, տրամաբանական է նաև «եղունգ ունես գլուխդ քորի» վարքագիծը և «քիթն ուրիշի կյանք չխոթելու» վարքագիծը , քանի որ այստեղ իսկապես գործ են ունենում ՈՒՐԻՇԻ հետ, քանի որ չկան ընդհանրական գենետիկ, ենթագիտակցական կապվածությունը և մեկ օրգանիզմ, ամբողջություն լինելու զգացողությունը:

Հաշվի առնելով, որ Հայերը մի քանի հազարամյակ է արդեն ընդհանուր գենետիկ ամբողջականություն ունեն և որպես ազգ ունեն ընդհանրական ազգային գիտակցություն և ենթագիտակցություն’ օրինաչափ է հայերի նման վարքագիծը, որը ներկայումս որոշ անձանց կամ կազմակերպությունների կողմից այդպես ակտիվորեն քարկոծվում է, և էլ ավելի վտանգավոր է, որ ոմանք սկսել են առանց գիտակցելու պարզապես կրկնել’ իրենց գիտակցությունից անկախ, անընդհատ կրկնվող հաղորդումների , անեկդոտների, թևավոր խոսքերի միջոցով իրենց ուղեղ մտցվող այնպիսի արտահայտություններ, որոնք, փաստորեն, այս նյութը գրելուս հիմնական պատճառներից մեկը հանդիսացան:

Հարգելիներս, մենք չենք ապրում Ամերիկայում կամ այլ նման երկրում, որտեղ չկա ազգային մեծամասնություն, և որտեղ ամենքն իսկապես իրենց համար են ապրում և չունեն ենթագիտակցական ամբողջի զգացողությունը:

Մենք ապրում ենք Հայաստանում. Հայ ազգի պատմական Հայրենիքի մի կտորում, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել է Հայ ազգը, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել են մեր ազգի գենետիկ , գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում ամբողջ լինելու զգացողությունը: Պետք չէ օտար օրինաչափությունների զոհ գնալ և չգիտակցված կրկնել’ ոմանց կողմից միտումնավոր շրջանառության մեջ դրվող արտահայտություններ:

Եկեք վերջապես ընդունենք, որ ուռուցքային բջիջը, որն իր տեսակով կատարյալ բջիջ է հիշեցնում, քանի որ, ըստ էության, անմահ է, անզուսպ բազմացման հակում ունի և նյութափոխանակության տեսանկյունից ավելի ակտիվ է (տիպիկ կապիտալիստական քաղաքականություն է վարում), միևնույն ժամանակ քիչ տարբերակված է ( ընդ որում որքան քիչ է նրա տարբերակումը, այսինքն որոշակիացումը’ այս կամ այն տիպին պատկանելու, այնքան ավելի ագրեսիվ է նա իր էությամբ), այնուամենայնիվ այն իր անզուսպ աճով և թվացյալ անմահությամբ հասնում է օրգանիզմի ամբողջական գրավվմանը և պատճառ է հանդիսանում ամբողջ օրգանիզմի ոչընչացմանը’ այդպիսով վերջ դնելով և իր գոյությանը:

Եկեք վերջապես հասկանանք, որ հասարակության մեջ Ուռուցքային տարրեը որոնք չեն ուզում ըդունեն ազգ, ազգային ամբողջական գիտակցություն, ազգային շահ, և առաջնորդովում են անձնական շահով, անձնական էգոիզմով և անգամ ագրեսիվություն են ցուցաբերում պարտադրել իրենց տեսակետները հանրային մեծամասնությանը, օրինաչափ կերպով ստանում են տրամաբանական պատասխանի հասարակության կողմից: Օրգանիզմում գոյություն ունեն ընդունված հաստատուններ, որոնց մի փոքր անգամ շեղումը պատճառ է դառնում ամբողջ օրգանիզմի մահվան: Դրանցից օրինակ թթվահիմնային հավասարակշռություն, շրջանառող արյան ծավալի որոշակի պարտադիր քանակ և այլն, և այդ հավասարակշռությունից ցանկացած շեղում’ ամբողջ օրգանիզմի կողմից ակտիվ կերպով բերվում է իր բնականոն դիրք’ հավասարակշռություն, ներդաշնակություն, որն ուղղակի անհրաժեշտ պայման է օրգանիզմի լինելիության:

Հայկական իրականության մեջ բավականին բարձր է արտահայտված ընդհանրական օրգանիզմի զգացողությունը, և դա հատկապես արտահայտված է ենթագիտակցական մակարդակով: Եվ քննադատելու փոխարեն , ուրախությամբ պետք է ընդունենք, որ մեր մոտ վառ է արտահայտված ազգային այդ հատկությունը, ամբողջական հավասարակշռություն պահպանելը: Վերջիվերջո քեզ զգում ես մի ամբողջական համակարգի մասնիկ, որը’ որքան էլ թվացյալ փոքր է, միևնույն ժամանակ անասելի կարևոր դեր ունի ամբողջական օրգանիզմի հավասարակշռության, ներդաշնակության և գոյության պահպանման գործում:

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում