Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը

Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը

«ՈՍԿԱՆԱՊԱՏ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու զարգացումները նոր լույսի ներքո են ներկայացնում այդ երկրի ներսում առկա ճգնաժամի մի շարք էլեմենտներ, որոնք նախկինում հաղթահարված կամ գոնե թե լուծման ուղու վրա էին գտնվում։ Դրանք վերաբերվում են Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, պետական կառավարման մոդելներին, առաջնահերթությունների ընտրության մեխանիզմներին և նմանատիպ այլ հարցերի։ Ռուսթավելու պողոտա դուրս եկած քաղաքացիների բողոքին իշխանությունների արձագանքը ցույց տվեց, որ Վրաստանը շարունակում է գտնվել դեռևս 90-ականների սկզբից ի հայտ եկած իշխանափոխությունների ու հեղափոխությունների շրջապտույտի մեջ, որի ամենացավալի դրսևորումներից մեկն այն է, որ այդ գործընթացները տեղի են ունենում ոչ թե քաղաքական մեխանիզմների կիրառմամբ, այլ փողոցի ճնշմամբ։

2012 թվականին վրաց հանրության լայն շրջանակների վստահության շնորհիվ իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցությունը՝ իր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ միասին, այսօր լուրջ մարտահրավերի առջև է կանգնած։ Վրաստանի ներկայիս իրողություններից դժգոհ քաղաքացիներն արդեն կարողացել են հասնել երկրի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականին։ Սակայն իշխող վերնախավի՝ հանրային կրքերը հանդարտեցնելուն ուղղված այդ «զոհաբերությունը» չի բավարարել ընդդիմադիրների ցանկությունները։ Նրանք պահանջում են նոր հրաժարականներ՝ քաղաքական պրոցեսների տրամաբանությունը հընթացս վերափոխելով նախընտրական քարոզարշավի։ Հիշեցնենք՝ 2020 թվականին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և այս հարցում նույնպես իշխող ուժն արդեն պատրաստակամություն է հայտնել բավարարել ընդդիմադիրների՝ լիարժեք համամասնական ընտրակարգի անցնելու պահանջները։

Նորովի սկիզբ առած բողոքի ցույցերի ֆորմալ պատճառը ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահությունն էր Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներում։ Այն փաստը, որ ռուս պատգամավորը հայտնվել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին առաջ է բերել ընդդիմադիրների բուռն վրդովմունքը, որոնք տապալել են հիշատակված վեհաժողովի աշխատանքները։ Փորձագետները, սակայն, միակարծիք են, որ վրաց քաղաքական վերնախավում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ եթե չլիներ այս առիթը, ապա դժգոհությունները սկիզբ կառնեին մեկ այլ օր, մեկ այլ առիթով։ Տարբերությունը միայն այն է, որ կոնկրետ այս դեպքում առկա էր նաև ռուսական թեման, որը միանգամայն այլ երանգներ հաղորդեց վրաց հանրության ներսում գոյություն ունեցող խնդիրներին։

Հիմա արդեն Վրաստանում ընթացող քաղաքական զարգացումներն արտացոլում են ոչ միայն իշխանության համար պայքարող քաղաքական գործիչների ու կուսակցությունների, այլև մեր տարածաշրջանում ազդեցության լծակներ ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։ Եվ սա, ըստ էության, նոր սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգության ողջ համակարգի համար։ Ուստի, հարկ է ավելի լավ հասկանալ վրացական խմորումների տրամաբանությունն ու իրական շահառուների ձգտումները՝ փորձելով այդկերպ գնահատել նաև այն վտանգները, որոնք հյուսիսից կարող են սպառնալ մեր երկրին։

 

ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ

Նախ և առաջ այն պատճառով, որ նոր հակամարտություն է հասունանում Հայաստանի դաշնակից և բարեկամ երկու երկրների միջև։ Ամենևին գաղտնիք չէ, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Վրաստանը մեր երկրի տնտեսական, սոցիալական, ռազմական անվտանգության և քաղաքական կայունության կարևորագույն գործընկերներն են։ Ռուսաստանից են մատակարարվում Հայաստանի էներգետիկ ռեսուրսները, սպառազինությունը, պարենամթերքի զգալի չափաբաժինը, տնտեսության զարգացման համար անհրաժեշտ այլ ապրանքներ։ Ռուսաստան է արտահանվում Հայաստանի արտադրության հիմնական մասը։ Մոսկվա-Երևան աշխարհաքաղաքական կապը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Ռուսաստանում են բնակվում ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ։ Պարզ է, որ բոլոր նշված ուղղություններով կապն իրացվում է Վրաստանի տարածքով։ Եվ միայն այդ փաստը բավական է, որպեսզի պնդենք Վրաստանի բացառիկ կարևորությունը Հայաստանի համար։

Մինչդեռ Վրաստանի տրանզիտային հնարավորությունները հայ-վրացական հարաբերությունների միակ կարևոր գործոնը չեն։ Այստեղ առկա են մի շարք այլ հանգամանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի և Վրաստանի համար։ Դրանք վերաբերվում են մեր ընդհանուր պատմությանը, կրոնին, արժեքներին, արտաքին մարտահրավերներին և նույնիսկ աշխարհագրությանը։ Ցավոք, կարևոր այս խնդիրներն այսօր որոշ առումով անտեսված են վրաց և հայ հանրությունների կողմից, բայց բավական լավ գիտակցված երկու ժողովուրդների մտավոր վերնախավի շրջանում։ Սա համագործակցության կարևոր ուղղություններ են, որոնք, կարելի է ասել, գրեթե իրացված չեն։ Ավելին՝ երկու երկրների քաղաքական ղեկավարներն հաճախ տուրք են տալիս տարատեսակ ազդեցության կենտրոններից բխող իմպուլսներին և կարևոր այս հարցերում ընդունում սեփական շահերին վնասող որոշումներ։

Նույնը կարելի է ասել նաև վրաց-ռուսական և անգամ հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Իրողությունները մեր տարածաշրջանում այսօր այնպիսինն են, որ նախքան հիշատակված խնդիրների լուծմանն անցնելը նախ և առաջ անհրաժեշտ են լուծել խաղաղ համակեցության պարզ հարցեր։ Հարավային Կովկասն այսօր խրամատավորված է հնարավոր բոլոր բաժանարար գծերով։ Վրաց-օսական, վրաց-աբխազական, ադրբեջանա-հայկական, ռուս-վրացական բացահայտ հակամարտություններից զատ գոյություն ունեն նաև վրաց-աջարական, ադրբեջանա-վրացական, ադրբեջանա-թալիշական, ադրբեջանա-լեզգիական, ռուս-թուրքական և այլ դիմակայություններ։ Ընդ որում, նշված բոլոր կոնֆլիկտները չեն սահմանափակվում կոնկրետ երկրների միջև առկա սահմաններով։ Այսպես, հայ-ադրբեջանական խնդիրներ կան նաև Վրաստանի տարածքում։ Իսկ ադրբեջանցիների ու լեզգինների և ավարների դիմակայությունը հանգիստ կարող է տեղափոխվել նաև ՌԴ՝ մեծ սպառնալիք դառնալով Հյուսիսային Կովկասի՝ առանց այն էլ դժվար պահպանվող կայունության համար։

Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես պայթյունավտանգ է, և դա լուրջ փաստարկ է հօգուտ նրա, որ Հայաստանը պետք է խիստ աչալուրջ լինի հնարավոր բոլոր սրացումների հանդեպ՝ փորձելով իր ուժերի ներածի չափով նպաստել կայունության և դեպքերի զարգացման կանխատեսելիության պահպանմանը։ Լավ է՝ վրաց-ռուսական կոնֆլիկտի պարագայում մենք այդ պոտենցիալն ունենք, հետևաբար պարտադիր պետք է գործենք։

2008-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ռուսաստանի և Վրաստանի միջև, թերևս, կարելի է կոչել ցավալի անկում։ Ճգնաժամը երկու երկրների հարաբերություններում գագաթնակետին էր հասել 2008 թվականի ամռանը, երբ վրաց-օսական պատերազմին հետևեց ռուսական ներխուժումը սկզբից Հարավային Օսիա, հետո նաև Վրաստան։ Ընդամենը մի քանի օր տևած պատերազմին հետևեց հարաբերությունները կարգավորելու չափազանց երկարատև և դանդաղ ընթացող գործընթաց։ Այս հարցում արագ լուծումների ակնկալիք չկար ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Վրաստանում և ո՛չ էլ Հայաստանում։ Նման սպասումներ չէին կարող լինել նաև այն պատճառով, որ ռուս-վրացական պատերազմից օգտվող այլ երկրները՝ ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և այլն, ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հակամարտությունը հնարավորինս երկարատև լինի։ Նրանցից յուրաքանչյուրն այդպես վարվելու իր շատ հասկանալի և հիմնավոր պատճառներն ունի։ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, օրինակ, այդկերպ փորձում են լուծել Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելու և հարակից տարածաշրջաններից ռուսներին դուրս մղելու խնդիրը։ Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում և անխափան կապ ստեղծի Ադրբեջանի ու արևելքի թյուրքական այլ երկրների հետ։ Ադրբեջանը, իր հերթին, բոլոր այս զարգացումները դիտարկում է Հայաստանի կոմունիկացիոն հնարավորությունները արգելափակելու և մեր դեմ տնտեսական ճնշումներ գործադրելու միջոցով արցախյան հարցն իր օգտին լուծելու լույսի ներքո։

Չնայած այս ամենին՝ 2012 թվականին, երբ Վրաստանում իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած քաղաքական թիմը, հույսերն առ այն, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող ենք կարգավորվել, կրկին բավական իրատեսական դարձան։ Դա առավելապես պայմանավորված էր վրաց-ռուսական ընդհանրական շահի գիտակցությամբ թե՛ Մոսկվայում և թե՛ Թբիլիսիում։ Անցած 7 տարիների ընթացքում երկու երկրների կառավարությունները նախընտրում էին «լուռ համագործակցության» մարտավարությունը։

«Վրացական երազանքի» իշխանության տարիներին վերականգնվեցին ռուս-վրացական մարդկային կապերը, առևտրաշրջանառությունը, տրանսպորտային կոմունիկացիաները և այլն։ Զբոսաշրջության ոլորտում, օրինակ, երկու երկրների համագործակցությունն աննախադեպ աճ արձանագրեց։ Ըստ վիճակագրական տվյալների, 2018թ-ին՝ պատերազմից ուղիղ տաս տարի անց, Ռուսաստանի մոտ 1.2 միլիոն քաղաքացիներ իրենց հանգիստը կազմակերպեցին Վրաստանում։ Գործը հասավ անգամ վրաց-աբխազական երկաթգծի վերաշահարկման մասին խոսակցություններին։ Եվ հիմա բոլոր այս ծրագրերը կրկին վտանգի տակ են։

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում սկիզբ առած նոր ճգնաժամը, իհարկե, համեմատելի չէ այն լարվածության հետ, որ կար տաս տարի առաջ։ Ճիշտ հակառակը, Վրաստանում մեկնարկած բողոքի ցույցերից ընդամենը երկու շաբաթ անց ռուսական թեման երկրորդ պլան մղվեց։ Թվում է՝ Վրաստանում ոչ ոք այլևս չի էլ հիշում, թե ինչից սկիզբ առան Խորհրդարանի շենքի դիմաց ընթացող հանրահավաքները։ Բայցևայնպես վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ արտաքին թշնամու գործոնը՝ որպես Վրաստանում՝ բողոքի զանգվածն իշխանությունների դեմ կոնսոլիդացնող հանգամանք դեռևս առկա է և ուժեղ։ Իսկ այդ արտաքին թշնամին վրաց ժողովրդի համար Ռուսաստանն է։

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանին թերևս մեկ բան է մնում՝ կրկին զինվել համբերությամբ և փորձել «դուրս գալ» Վրաստանում միմյանց դեմ քաղաքական պայքարի ելած ամենատարբեր ուժերի օրակարգից։ Ասել է թե՝ սեփական միջամտությամբ ավելի չսրել իրավիճակը, ինչը Ռուսաստանի իշխանություններին, կարծես, հաջողվում է։ Ամեն դեպքում պետք է խոստովանել, որ պաշտոնական Մոսկվայի արձագանքը Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին ու դեպի Ռուսաստանն ուղղված վիրավորանքներին, բավական զուսպ էր։ Այո, վրացական տնտեսությունը կզգա ռուսաստանյան ավիափոխադրողների՝ դեպի Վրաստան իրականացվող թռիչքների դադարի ազդեցությունը, բայց դա այն հարցն է, որը որքան հեշտ էր կասեցնել, նույնքան էլ հեշտ կլինի վերականգնել։ Վստահ ենք՝ ՌԴ Նախագահ Վ. Պուտինը մոտ ապագայում կվերանայի օրեր առաջ կայացրած իր որոշումը, որն ընդամենը անհրաժեշտ արձագանք էր վրացական նոր աղմուկին և ոչինչ ավելին։ Ռուսաստանին այսօր պետք չէ նոր հակամարտություն Վրաստանի հետ, և եթե այդ հանգամանքը վրացիներն էլ արագ գիտակցեն, ապա հնարավոր է կողմերը վերադառնան արդեն հիշատակված «լուռ համագործակցության» մարտավարությանը։

ՊՂՏՈՐ ՋՐՈՒՄ ՁՈՒԿ ՈՐՍԱՑՈՂՆԵՐԸ

Իրավիճակը նման հույսեր ունենալու առիթ է տալիս նաև այն պատճառով, որ այս անգամ վրաց-ռուսական հարաբերությունների սրացումը նույնքան մեծ հետաքրքրություն չի առաջացրել Արևմուտքում, որքան տասը տարի առաջ էր։ Փորձագետները նկատել են, որ արևմտյան մամուլն ու քաղաքական շրջանակները շատ ավելի զուսպ էին իրենց արձագանքներում, եթե չասենք՝ անտարբեր։ Եվ դա հասկանալի է։ Աշխարհաքաղաքական դիմակայության առումով Վրաստանն այլևս նույն արժեքը չունի Արևմուտքի համար, ինչ մի քանի տարի առաջ էր։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ բոլոր այն ծառայությունները, որոնք Վրաստանը կարող էր մատուցել Եվրոպային և Միացյալ Նահանգներին, այդ երկիրը արդեն իսկ մատուցում է։ Գազամուղներն ու նավթամուղերը աշխատում են, նավահանգիստներն ու երկաթգծերը՝ նույնպես։ Դա այն է, ինչ պետք է Արևմուտքին և որի համար նրանք արդեն իսկ լիարժեք վճարում են Վրաստանին։ Լրացուցիչ երաշխիքներ և կամ պատասխանատվություն Վաշինգտոնը, Բրյուսելն ու եվրոպական այլ մայրաքաղաքներ Թբիլիսիի առջև ստանձնել չեն ցանկանում։

Փոխարենը ռուս-վրացական հակամարտության կրակին յուղ է լցնում ադրբեջանա-թուրքական քարոզչությունը։ Վրացական մամուլում նրանց աշխատանքը չափազանց ագրեսիվ և հստակ մշակված ուղերձներով է։ Խնդիրը՝ ցույց տալ վրաց ժողովրդին, որ Ռուսաստանը վնասում է վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին։ Իսկ թե Ռուսաստանի հատկապես ո՞ր գործողություններն ու թե ինչպես են վնասում այդ հարաբերություններին, նրանք պարզաբանել չեն ցանկանում։ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Վրաստանում, ըստ էության, հանգում է հակառուսական կրքերը բորբոքելու միջոցով՝ վրացիներին թուրք-ադրբեջանական այլընտրանք առաջարկելուն։ Այլ խոսքերով, Անկարան և Բաքուն պարզապես փորձում են գրավել այն դաշտը, որը ժամանակին իր համար հերկել և պատրաստել էր Արևմուտքը։ Ընդ որում, վրացիներին սեփական օրակարգն առաջարկելու թուրք-ադրբեջանական քաղաքականության մեջ կան նաև պարտադրանքի և շանտաժի էլեմենտներ։ Այսպես, ադրբեջանական կողմը վերջին օրերին կրկին թեժացրել է Դավիթ Գարեջայի վանական համալիրի խնդրում առկա տարաձայնությունները՝ արգելելով վրաց ուխտավորներին այցելել համալիրի որոշ շինություններ։

Բնական է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նման գործողություններն աննկատ չեն մնացել նաև Ռուսաստանում։ Ռուսական կողմն իր հերթին հակագրոհի է անցել՝ կենտրոնական հեռուստաալիքներով հստակ խոսելով այն մասին, որ, օրինակ, Աջարիան ամբողջությամբ անցել է թուրքական կապիտալի վերահսկողության տակ։ Փորձելով շրջանցել վրաց ժողովրդի դեպի Ռուսաստանը տածած ատելությունը՝ Մոսկվան ցանկանում է նաև համոզել վրացիներին, որ իրական սպառնալիքն իրենց երկրի համար հենց թուրքական կապիտալի, ժողովրդագրության և քաղաքականության էքսպանսիան է։ Ի դեպ, նման գնահատականներ են հնչում նաև որոշ հայ փորձագետների կողմից, որոնք նույնպես գիտակցում են Վրաստանում թուրքական գործոնի ուժեղացման բոլոր հետևանքները մեր պետության համար։

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Ստեղծված պայմաններում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Վրաստանի համար հիմնական խնդիրը կայունության պահպանումն է։ Նախ, որովհետև Վրաստանի տարածքով են անցնում Հարավային Կովկասի ամենակարևոր առևտրային ճանապարհները։ Վրացական ենթակառուցվածքները մեծ հնարավորություն են բացում ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական առումով։ Հենց երկու այս կարևոր գործոններն են, որ տարիներ շարունակ ստիպել են Արևմուտքին և Ռուսաստանին, ինչպես նաև Իրանին ու Թուրքիային, իսկ այսօր նաև Չինաստանին պայքարել Վրաստանն իրենց ազդեցության տակ պահելու համար։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ չի կարող չանհանգստացնել Հայաստանին ու Ռուսաստանին, թուրքական գործոնի ուժեղացումն է Վրաստանի հարավային շրջաններում։ Այնտեղ թուրքական ժողովրդագրական էքսպանսիան շատ մեծ թափ է հավաքել և արդեն սպառնում է անգամ հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանին։ Մինչդեռ դա հենց այն ճանապարհն է, որը Հայաստանում կոչում ենք «Կյանքի ուղի» և որը թույլ է տալիս ճեղքել թուրքական շրջափակումը։

Երրորդ գործոնը, որ չափազանց կարևոր է մեզ համար, Հարավային Կովկասը քրիստոնեական պահելն է։ Մի քանի օր առաջ վրացական մամուլը լայն լուսաբանեց Պանկիսի կիրճում տեղի ունեցած միջադեպը, երբ այնտեղ բնակվող չեչենները, «Ալլահ ակբար» գոռալով, հարձակվեցին վրաց իրավապահների վրա՝ պահանջելով չեղարկել իրենց բնակության շրջաններում ՀԷԿ կառուցելու վրացական կառավարության որոշումը։ Վրաստանի իսլամացումը մեծ խնդիր է, որը լրջորեն անհանգստացնում է նաև տեղի իշխանություններին։ Եվ ճիշտ քաղաքականություն մշակելու ու դա ըստ արժանվույս վրացական կողմին ներկայացնելու դեպքում, հնարավոր կլինի այդ խնդրի համատեղ լուծման ուղիներ գտնել։

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆԸ

Ելնելով վերոգրյալից՝ պարզ է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լինի վրաց-ռուսական հարաբերությունների կայունությամբ, ինչպես նաև փորձի զերծ պահել բարեկամ երկիրն օտար՝ հատկապես հակահայկական ծրագրեր իրականացնող ուժերի ազդեցություններից։

Ինչպես արդեն նշվեց, այդ խնդիրները լուծելու համար հայկական կողմն ունի որոշ հնարավորություններ։ Դա նախ և առաջ Վրաստանում բնակվող մոտ 300.000 մեր հայրենակիցներն ու ավանդական բարեդրացիական հարաբերություններն են թե՛ ռուսների և թե՛ վրացիների հետ։ Բայց հիշատակված երկու այս գործոնները հենց այն նուրբ կետերն են, որոնց վրա գործադրված սխալ ազդեցությունը կարող է մեկ ակնթարթում ոչնչացնել խաղաղ և կայուն տարածաշրջան ունենալու վերջին բոլոր հնարավորությունները։ Պաշտոնական Երևանը պետք է հստակ գիտակցի, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքը շատ զգույշ և մանրակրկիտ մոտեցումներ են պահանջում, իսկ դրա սպասվող արդյունքը՝ երեք ժողովուրդների միջև փոխըմբռնման և իրապես բարեկամական հարաբերությունների հաստատումը։ Ոչ ավել և ոչ էլ պակաս։

Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան կապը ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի համար և այդ շղթայում ցանկացած թույլ օղակի առկայություն մեծ սպառնալիք է ոչ միայն հայկական պետականության, այլև ողջ տարածաշրջանի համար։ Նշված աշխարհաքաղաքական առանցքը ստեղծելու և ամրապնդելու համար պաշտոնական Երևանը պետք է աշխատի զուգահեռ երկու ուղղություններով՝ յուրաքանչյուր երկրի հետ առանձին և ընդհանրական հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր մշակելով։

Վրաստանի պարագայում Հայաստանի հետ միասնական ծրագրեր իրականացնելու օրակարգը չափազանց բովանդակալից է։ Այստեղ են տնտեսական համագործակցության մեծ հեռանկարները, կոմունիկացիոն նախագծերի հնարավորությունները, հոգևոր-մշակութային կապերի զարգացումը, սպասարկման ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու նախադրյալները, մարդկային կապերի զարգացումը և այլն։ Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի նշված բոլոր ուղղություններով նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտությանը և հնարավոր բոլոր կամուրջներով կապի Վրաստանը Հայաստանին ու հակառակը։ Հատկապես կարևոր է Վրաստանի հարավային շրջաններում, որտեղով անցնում են Հարավային Կովկասի հիմնական առևտրային ուղիներն ու որտեղ է նաև հայկական Սամցխե-Ջավախքը, հայկական կապիտալի ներդրումն ու ներկայության մեծացումը։

Երրորդ ուղղությունը, որ կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի և Վրաստանի համար, Արևմուտքի և Ռուսաստանի «հանդիպման վայր» դառնալու հեռանկարն է։ Ինչպես հայտնի է, Հայաստանը հանդիսանում է Եվրասիական Տնտեսական Միության և ՀԱՊԿ անդամ, իսկ Վրաստանն ընթանում Արևմուտքի հետ առավել խոր ինտեգրվելու ուղղությամբ։ Կապված պաշտոնական Երևանի և Թբիլիսիի մոտեցումներից՝ այս փաստը կարող է հեռացնել կամ մոտեցնել երկու ժողովուրդներին միմյանցից։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի հայկական դիվանագիտությունը կարողանա ապահովել երկրորդ արդյունքը՝ խուսափելով առաջինից։

Նվազագույնը, որ ստեղծված իրավիճակում կարող և պարտավոր է անել Հայաստանը, դա քաղաքական քննարկումների և լուծումներ գտնելու հարթակների ստեղծումն է մեր բարեկամ երկրների համար։ Զարմանալի է, բայց փաստ՝ վրաց-ռուսական հակամարտության սրման այս նոր փուլում պաշտոնական Երևանը հանրային մակարդակում որևէ լուծում չի առաջարկել Ռուսաստանին և Վրաստանին։ Մինչդեռ, այդ կոնֆլիկտի հետագա խորացման առաջին տուժողը հենց Հայաստանը կարող է դառնալ։

Ամփոփելով թեման՝ նշենք, որ Հայաստանին անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն։ Իհարկե, դրա մասին արդեն շատ է խոսվել, բայց փաստն այն է, որ այսօր մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը թերանում է անգամ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ժամանակին և ճիշտ արձագանքելու գործում։ Այսինքն, խոսելով նախաձեռնողական քաղաքականության անհրաժեշտության մասին, Հայաստանն իրականում կորցրել է նաև ռեակցիոնիստական քաղաքականության մի շարք էլեմենտներ, ինչը ակնհայտ հետընթաց է։ Այս առումամբ մնում է հուսալ միայն, որ Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, որոնք լուրջ սպառնալիքներ են պարունակում նաև Հայաստանի և Արցախի համար, ի վերջո կստիպեն հայկական դիվանագիտությանը նոր հայացք նետել սեփական առաքելությանը և բոլոր ուղղություններով առավել ակտիվ գործել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում