Էրդողանի «Դեմոկրատացման փաթեթը» խորքային փոփոխություններ չի նախատեսում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար. Լևոն Հովսեփյան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին հրապարակեց «Դեմոկրատացման փաթեթը», որին թուրք հասարակությունն արդեն 2 տարի սպասում էր:

Թուրքիայում արդեն 11 տարի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդողանի առաջարկությունները, որոնք առաջիկայում պետք է ներառվեն Թուրքիայի նոր սահմանադրության մեջ, բարեփոխումներ են ենթադրում ոչ թուրք բնակչության մայրենի լեզվով ուսուցման, ընտրական շեմի նվազեցման, քաղաքական կուսակցությունների, հավաքների ազատության ապահովման եւ այլ բնագավառներում:

Թուրքիայում հրապարակված դեմոկրատացման փաթեթեի բովանադակության հետ կապված Times. am-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակված բարեփոխումների փաթեթեի բովանդակությունը: Արդյո՞ք այն էական փոփոխություններ կմտցնի Թուրքիայի դեմոկրատացման գործընթացում:

– Իհարկե, որոշակի առաջընթաց կարող ենք արձրանագրել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի մեջ, սակայն հարկ է նաև այս հարցին վերապահումներով մոտենալ:

Մինչ փաթեթի հրապարակումը արված հայտարարությունները ավելի մեծ սպասելիքների տեղիք էին տալիս: Զուգահեռներ անցկացնելով արդեն իսկ հրապարակված փաթեթի  հետ` կարող ենք նշել, որ դրանց որոշ   մասը չի համընկնում նախօրոք հայտարաված դրույթների հետ: Վերոնշյալ փոփոխությունները  խորքային առումով բավարար չեն կրոնական և ազգային փոքրամասնությունների խնդիրները լուծելու համար: Օրինակ’ ալևիների համար Ենիշեհիրի համալսարանը անվանափոխվում է Հաջի Վելի Բեքթաշ, իսկ համալսարաններից մեկում բացվելու է Թուրքիայի գնչուների մշակութային խնդիրների ուսումնասիրման կենտրոն, որն անշուշտ չնչին առաջընթաց է: Քրդերի համար թույլատրել են քուրմանջի բարբառում եղած տառերը, որոնք չկան թուրքերենում և մինչ այդ արգելված էին:

Թույալտրվել է նաև որոշ մասնավոր դպրոցներում մայրենի լեզվով ուսուցումը: Սակայն այս ամենն, իհարկե, բավարար չէ, թուրքական հասարակությունում առկա խնդիրների լուծման համար: Օրինակ ‘ բավական լուրջ խնդիրներ կան հայկական գերեզմանատների վերադարձի հետ կապված, հունական, հայկական կալվածքների, Ալևիների իրավական կարգավիճակի և այլն:

Եթե էրդողանի հրապարակած բարեփոխումները գոհացուցիչ չեն ազգային և կրոնական փոքրամասնությունների տեսանկյունից, ապա կարո՞ղ ենք ասել, որ ընտրությունների նախաշեմին Էրդողանն ու իր կուսակցությունը կորցրեցին էլեկտորատի զգալի հատվածի աջակցությունը:

– Թուրքիայում նախընտրական ժամանակահատված է: Հաջորդ տարի տեղի կունենան ՏԻՄ և նախագահական ընտրություններ: Այս քայլով Էրդողանը փորձում է որոշակի համակրանք շահել ընտրազանգվածի մոտ: Ազգային կրոնական փոքրամասնություններն առայժմ չեն հայտնել ընտրությունների հետ կապված իրենց պաշտոնական դիրքորշումները, սակայն հարկ է շեշտել, որ բարեփոխումների այս փաթեթեը խորքային խնդիրներին լուծում չի տալիս: Դրանք զուտ շղարշային փոփոխություններ են, որն, այնուամենայիվ, մեկ քայլ առաջ է մղում ժողովրդավարացման գործընթացը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում