Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով ադրբեջանական կողմն ունեցել է 36 զոհ

Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով  ադրբեջանական կողմն ունեցել է 36 զոհ

Հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով հայկական կողմն ունեցել է 6, իսկ ադրբեջանականը 36 զոհ: Այս մասին երեկ Ստեփանակերտում հրավիրված հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը՝ շեշտելով, որ իրենց տվյալները կասկածի տակ դրվել չեն կարող. 

«Բոլորի անուն ազգանունները կարող եմ ներկայացնել: Մենք էլ ենք ունեցել զոհեր, ինչպես նշեցի՝ վեց հոգի, ընդ որում՝ երեք սպա, երեք զինվոր: Սա ցույց է տալիս, որ սխալ է հնչող տեսակետը, թե միայն զինվորներն են զոհվում: Այդպես չի, մեր հրամանատարները մեր զինվորների կողքին են միշտ, մեր հետախուզական վաշտի հրամանատարը զոհվեց, նա վիրավոր վիճակով մարտը վարեց մինչև վերջին պահը»,-շեշտեց Արցախի պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հանդիպման ազդեցությանը կամ դերին սահմանային լարվածության մեղմացման հարցում, Մովսես Հակոբյանն ընդգծեց.

«Խաղաղությունը վերահաստատեցին մեր զինվորները: Օգոստոսի 5-ից հարաբերական խաղաղությունն արդեն հաստատվել էր, այնպես չի, որ վերևից ցուցում է եղել»: Մյուս կողմից, իհարկե, Արցախի պաշտպանության նախարարն ընդունում է, որ նախագահների եռակողմ հանդիպումն ամեն դեպքում հարաբերական խաղաղության պահպանման հարցում որոշակի ազդեցություն ունեցել է:

ԼՂՀ ՊԲ հրամանատարի ասուլիսի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում