Թուրքիայում նոր քաղաքական կուսակցություն է հիմնվել

Թուրքիայում «Դեմոկրատական զարգացման կուսակցություն» (ԴԶԿ) կոչված նոր քաղաքական կազմակերպություն է հիմնվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական odatv.com լրատվական կայքը, կուսակցությունը հիմնել է անցյալ դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած Մեծ ապօրինությունների եւ կաշառակերության գործողություններից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) հրաժարական տված անկախ պատգամավոր Իդրիս Բալը:

Լրագրողների հետ զրույցում Իդրիս Բալը, ով համարվում է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակից, ասել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է կուսակցությունը պաշտոնապես գրանցելու վերաբերյալ իրենց դիմումը: Նրա խոսքով` նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու աշխատանքներն իրենք սկսել են 1,5-2 տարի առաջ:

Նորաստեղծ կուսակցության հիմնադիրը համոզմունք է հայտնել, որ իրենց կազմակերպությունը կարճ ժամանակում տեղ է զբաղեցնելու Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների շարքում:

Թուրքական մամուլն այդ առնչությամբ հայտնել է, որ ԴԶԿ-ն ծառայելու է Ֆաթուլլահ Գյուլենին:

Թուրքիայում անցյալ դեկտեմբերին բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո այն ժամանակ երկրի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց մեծ դժվարությամբ դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ դատախազության կողմից կառավարության մի շարք անդամների հետ հետապնդվում էին նաեւ իր որդին, փեսան եւ դուստրը: Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ «գյուլենականները», որոնք թափանցել են երկրի կառավարման շրջանակներ, այդ գործողությամբ ցանկանում են տապալել իր իշխանությունը:

Գյուլենը համարվում է արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզը կրող անձ: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ եւ Ֆաթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող եւ պառակտող գործունեություն ծավալելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում