Իլհամ Ալիևը հանդիպել է բրիտանացի նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Թագավորության` Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնին:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Ալիևն ու Լիդինգթոնը խոսել են Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններից: Կողմերն ընդգծել են, որ տնտեսության բնագավառում պետությունների համագործակցության առաջնահերթությունը էներգետիկան է:

Ալիևն ու Լիդինգթոնը մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն առաջացնող տարբեր հարցերի շուրջ:

Ադրբեջան կատարած այցից առաջ բրիտանացի նախարարը այցելել էր Հայաստան, որտեղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ համոզմունք էր հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու իր ջանքերը: «Լեռնային Ղարաբաղի հարցը մեծ մտահոգություն է Անգլիայի համար, քանի որ ձգձգվող հակամարտության պայմաններում մարդիկ են մահանում առաջնագծում: Մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, ովքեր փորձում են կարգավորման  ուղի գտնել»,-հայտարարել է Դեյվիդ Լիդինգթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում