Ալիևը զբաղված է կեղծ վարկանիշ հավաքելով. «Ազադլըգ»

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի կառավարությանը մոտ մամուլն զբաղված է երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի վարկանիշն արհեստականորեն բարձրացնելու գործով: Իշխանական շրջանակներից սնվող «Ռեյ» մոնիտորինգային կենտրոնը Բաքվում «օմնիբուս» տիպի հասարակական կարծիքի հարցում է անցկացրել եւ Ադրբեջանի պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությանը հայտնել, որ հարցման արդյունքները ցույց են տվել, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին եկող կիրակի, ապա ընտրողների մեծ մասը (83 տոկոս) իր ձայնը կտար երկրի ներկայիս ղեկավարին:

Ըստ այդ հարցումների` Բաքվի բնակիչների 65 տոկոսը Ադրբեջանի Նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւին «այլընտրանք չի տեսնում», հարցման մասնակիցների 82 տոկոսն էլ դրական պատասխան է տվել «Իլհամ Ալիեւը բավարարում է ձեր շահերը» հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն Ադրբեջանում  ընտրությունների նկատմամբ հավատի անկման պայմաններում այդ հարցումը գնահատել է որպես իշխանության կողմից ավանդույթի վերածված քարոզչության մաս, եւ նշել, որ այդ կեղծ հարցումները միտված են Իլհամ Ալիեւի վարկանիշի արհեստական բարձրացմանը, այլապես` ընտրություններից մեկ տարի անց այն որեւէ իմաստ չունի:

Թերթի կարծիքով` վերջին շրջանում Արեւմուտքը բազմիցս նշել է Ադրբեջանի ավտորիտար կառավարման մասին, եւ հնարավոր է` ուղեղներում այդ գործոնը չապրապնդելու համար կառավարությունը «վարկանիշ» է հավաքում: Մյուս պատճառն էլ կարող է լինել այն, որ վերջին օրերին Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի` իշխանության ձախողման մասին խոստովանությունից պարզ դարձավ, որ բոլոր բնագավառներում իրավիճակը աղետալի է, եւ հարցումն էլ անցկացվում է ցանկացած վիճակում Իլհամ Ալիեւին այլընտրանք չլինելը ցույց տալու համար:

Թերթը հարցնում է. Իլհամ Ալիեւն այդ ի՞նչ հաջողությունների համար պետք է վերածվեր կարծիքի հարցման առաջատարի, այն դեպքուն, երբ երկրի գլխավոր գաղափարախոսը խոստովանում է, որ գիտական ոլորտը վերածվել է շուկայի, կրթության վիճակը աղետալի է, կիրթ կադր չկա, հեռուստատեսությունները ոչ մի չափանիշի չեն համապատասխանում, բարոյական հարցերում ճգնաժամ է, մտավորականների պակաս է եւ այլն: «Բոլոր այս փաստերը ազդում են հասարակական կարծիքի վրա: Եթե երկրի հիմնական բնագավառները կաթվածահար վիճակում են, ինչու պետք է մեծանա Իլհամ Ալիեւի վարկանիշը:

Գործազրկությունը ամենաբարձր մակարդակի վրա է, քաղաքացիները հարկադրված են լքել երկիրը, բոլոր պետական հիմնարկներում կաշառակերություն է, աշխատավարձերը չեն համապատասխանում կեցության նվազագույն շեմին, մարդիկ ձերբակալվում են շինծու մեղադրանքներով, դատարանները պատվիրված վճիռներ են կայացնում, տնտեսության բոլոր ոլորտները մոնոպոլացված են, կրթության վճարները աստղաբախշական թվերի են, քաղաքացին խեղդվում է վարկային ճահճում: Այսպիսի իրականության մեջ Իլհամ Ալիեւին ի՞նչն է գրավիչ դարձնում:

Այս հարցումն անվստահելի է նաեւ այն առումով, որ իշխանությունն` ինքը եւս չի հավատում դրան: Եթե Իլհամ Ալիեւի վարկանիշն իրականում բարձր լիներ, ոչ ընտրությունների կեղծման, ոչ կարուսելային գործողությունների, ոչ մրցակիցների դեմ սեւ արշավի, ոչ էլ տասնյակ քաղաքական ակտիվիստներ ձերբակալելու կարիք կլիներ: Եթե Իլհամ Ալիեւը վարկանիշի խնդիր չունենար, այս երկրում ընդդիմադիր կուսակցության շտաբը չէր պայթեցվի, ընդդիմության առաջնորդի նկատմամբ անձնագրի արգելք չէր դրվի, եւ երկրի հեռուստաալիքներին էլ շառ-բամբասանքների արշավի պատվեր չէր տրվի: Այս իշխանության իրական վարկանիշը հայտնի է ե՛ւ երկրի ներսում, ՛եւ արտասահմանում», -գրում է թերթը:

Ադրբեջանում անցկացված հարցմանն անդրադարձել է նաեւ բրիտանական The  Telegraph թերթը, որը համոզմունք է հայտնել, որ վարկանիշը բարելավելու Ալիեւի ջանքերը հակառակ արդյունքի են հանգեցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում