Ստեփանակերտը բարձր է գնահատում միջազգային խորհրդարանական ատյաններում ՀՀ աշխատանքը ԼՂ հիմնահարցի ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարձր է գնահատում միջազգային խորհրդարանական կառույցներում Ղարաբաղյան հիմնահարցի ուղղությամբ  հայաստանյան  պատվիրակությունների աշխատանքը:  Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում հավանության արժանացած, Լեռնային Ղարաբաղն իբր «օկուպացված ադրբեջանական տարածք» ներկայացնող  խորագրով բանաձև ընդունելու հարցին: «Իհարկե, վերջին ամսիներին տեղի ունեցածը մեզ էլ է որոշակի իմաստով մտահոգում, սակայն չեմ կարծում, որ սա մշտական քաղաքական դիրքորոշում է: Իհարկե, Ադրբեջանը երկար ժամանակահատված փորձում էր նույն այդ միջազգային կառույցներում, իրավիճակը խեղաթյուրելով, ղարաբաղյան հիմնախնդիրը նենգափոխելով` ստանալ այնպիսի որոշումներ և բանաձևեր, որն իրեն է հաճելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ղուլյանը:

Նրա խոսքով` իրենք այս իրավիճակում քննարկել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքների ուղղվածությունը:

«Քննարկել ենք նաև այն հարցը, թե ինչ կարող ենք մենք ինքներս անել՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով: Մենք եկել ենք այն եզրակացության, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն այնպես չէ, որ դրանով ամեն ինչ ավարտվել է: Այդ տրամաբանությամբ` մենք պետք է մտածենք, որ Ադրբեջանի համար դա ողբերգություն էր, որ մինչև հիմա իրենք չէին կարողացել այդ հարցում հաջողության հասնել»,- նկատեց ԼՂՀ ԱԺ նախագահը:

Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ հարկավոր է շարունակել աշխատել, մի փոքր ավելի համառ, որոշ մարտավարական հարցերում դիրքորոշումները փոխելու եղանակով՝ վստահություն հայտնելով, որ այդ հարցերում կհաջողվի իրավիճակը փոխել: Նա ընդգծեց, որ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում մտքերի արդյունավետ փոխանակություն է եղել, որի ընթացքում ուրվագծվել են այն ուղղությունները, որոնց շրջանակներում իրենք կարող են համատեղ ռազմավարություն մշակել, թե ինչպես պետք է չեզոքացնել միջազգային ատյաներում ադրբեջանական պատվիրակությունների սադրիչ քայլերը:

ԼՂՀ ԱԺ նախագահը նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին և վերջին ամիսներին գուցե ավելի շատ, բավական լուրջ հետախուզական, նախապատրաստական աշխատանքներ են տարվել, և պատահական չէ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը սրվել է այն ժամանակ, երբ նրանք որոշակի տվյալներ ունեցել են, բայց, դրան զուգահեռ, միջազգային կառույցներում ընդունվել են այդպիսի փաստաթղթեր կամ այդպիսի քննարկումներ են եղել: «Այսինքն, սա բավականին երկար նախապատրաստական աշխատանքի արդյունք է, սակայն ես համարում եմ, որ մենք ունենք բոլոր ռեսուրսներն իրավիճակը մեր օգտնին շտկելու համար»,- նշեց Ղուլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում