Խորհրդանիշների դեմ պատերազմ․ Արարատից մինչև ազգային հիշողության ջնջում

Խորհրդանիշների դեմ պատերազմ․ Արարատից մինչև ազգային հիշողության ջնջում

Երեկ իշխող կառավարիչների կողմից պաշտոնապես հաստատվեց մի տեղեկություն, որը շրջանառվում էր լրատվականներում․ նոյեմբերի 1-ից Հայաստանի մուտքի և ելքի սահմանային կնիքներում այլևս չի օգտագործվելու Արարատ լեռան պատկերը։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ձևական փոփոխություն, սակայն իրականում այն խորքային իմաստ ունի և տեղավորվում է Հայաստանի ինքնության վրա ուղղված քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ։

Գաղտնիք չէ, որ Արարատ լեռը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի ինքնության և հիշողության առանցքային խորհրդանիշը։ Այն միաժամանակ կրում է երկու բովանդակություն․ աստվածաշնչյան ավանդության հետ կապը և հայկականության հնագույն ու անբաժան գոյության խորհրդանշումը։ Ըստ էության՝ առանց Արարատի չկա հայի էություն, և հենց այս պատճառով Արարատը մշտապես եղել է թուրքական և ադրբեջանական նարատիվների թիրախը․ նրանք գիտակցում են, որ հայի հոգևոր և պատմական հիշողության ջարդն սկսվում է խորհրդանիշները մաշելուց։

Այդ  գործընթացում իր ուրույն մասնակցությունն ունի Հայաստանի գործող իշխանությունը։ Արարատի հեռացումը պետական խորհրդանիշներից գործնականում նշանակում է ազգային ինքնության խորհրդանիշի քաղաքական մարգինալացում։ Այն նույն շարքի մեջ է, ինչ պատմական տեղանունների փոխարինումը օտարածին ձևակերպումներով և այն գաղափարախոսությունը, ըստ որի՝ «Արմավիրից այն կողմ արդեն Թուրքիան է» կամ «Հայաստանը պետք է ցանկապատ դնել, որ գոյատևի»։

Այս տրամաբանության մեջ ամբողջովին տեղավորվում է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին տարիներին հնչեցրած այն արհեստական թեզը, ըստ որի՝ «մենք պետք է ապրենք իրական Հայաստանում, այլ հայրենիք չփնտրենք»։ Թեզ, որը մի կողմից հնչում է որպես ռեալիզմի կոչ, բայց իրականում հանդիսանում է ազգային տարածական ու պատմական գիտակցության սահմանափակում։ Այն փորձում է կտրել հայի կապը Հայկական լեռնաշխարհի, պատմական հայրենիքի և դրա խորհրդանիշների հետ՝ հայի գոյությունը մղելով միայն նեղ-պետական սահմանների մեջ։ Արարատի դուրսմղումը հենց այս մոտեցման տրամաբանական շարունակությունն է․ եթե «այլ հայրենիք չփնտրելու» գաղափարը նեղացնում է հայի հոգևոր աշխարհը, ապա Արարատի ջնջումը այդ նեղացումը հաստատում է նաև պետական մակարդակով։

Այս ամենի ֆոնին միանգամից հիշում ես այն դրվագը, թե 1988-ի շարժման օրերին, երբ դեռ խորհրդային գաղափարախոսությունը կաշկանդում էր դասագրքերը, հայ ուսուցիչները աշակերտներին սովորեցնում էին ոչ թե միայն պաշտոնական ՍՍՀՄ աշխարհագրությունը կամ պատմությունը, այլ նաև Հայկական լեռնաշխարհի իրական պատկերը։ Օգտագործելով իրենց անձնական գրադարանում եղած գրքերը նրանք պարտադրում էին աշակերտներին անգիր իմանալ լեռնաշղթաները, գետերն ու դաշտերը՝ այդ թվում Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ Դա ոչ թե դասագրքային նյութ էր, այլ ինքնության վերականգնում․ նրանք գիտեին, որ դպրոցն այն վայրն է, որտեղ երեխան պիտի ստանա ճշմարիտ, հայեցի գիտելիք։

Հիմա մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացի․ երբ իշխանությունը ոչ թե լրացնում է ինքնության խզված շերտերը, այլ կտրում է դրանք պետական գիտակցության միջից։ Արարատը ոչ թե պարզապես նկարի կամ խորհրդանշանի հարց է, այլ ինքնության պահեստային կոդ, որը եթե ջնջվում է պետական համակարգից, վաղ թե ուշ սկսում է մաշվել նաև հասարակական գիտակցության մեջ։

Այսպիսով, կնիքից Արարատի հեռացումը ոչ թե տեխնիկական որոշում է, այլ ազգային ինքնության քաղաքական չեզոքացման փորձ։ Դա նույն շարքի մեջ է, ինչ «ապրել միայն իրական Հայաստանում» թեզը․ երկուսն էլ միտված են հայի հորիզոնը նեղացնելուն և նրան հաշտեցնելուն օտար նարատիվների հետ։ Սա սոսկ խորհրդանիշի կորուստ չէ, այլ ծրագրավորված քայլ՝ հիշողությունը մաշեցնելու և ինքնությունը թուլացնելու համար։

Վերը նշված քաղաքականությունը վտանգավոր է նաև նրանով, որ հասարակության մեջ ձևավորում է լռության և հարմարվելու մթնոլորտ։ Եթե այսօր խորհրդանիշը փոխվում է առանց դիմադրության, ապա վաղը նույն ձևով կարող է հարցականի տակ դրվել ամենակարևոր սրբավայրից մեկի՝ Ծիծեռնակաբերդի գոյությունը։ Եվ եթե Փաշինյանը կանգնի ու հայտարարի, որ դա էլ մեզ պետք չէ, ապա նույն հասարակությունը, գլխիկոր ու լուռ, կհամաձայնվի։

Արմեն Հովասփյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում