Ադրբեջանում ձերբակալվել է հերթական բլոգերը

Բաքվի օդնավակայանում ձերբակալվել է բլոգեր Մեհման Հուսեյնովը, ով մեկնում էր Թբիլիսի` այնտեղ ԵԱՀԿ-ի համաժողովին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նրան ասվել է, որ անձնագիրը կեղծ է, որովհետեւ բացակայում է համակարգից` չնայած այն բանին, որ Մ. Հուսեյնովի անձնագիրը վավեր է մինչեւ 2019 թվականը:

Ադրբեջանի ՆԳՆ օդային տրանսպորտի ոստիկանության վարչությունը հայտնել է, որ Մ. Հուսեյնովը ձերբակալվել է Բաքվի Սաբայիլի շրջանային ոստիկանության վարչության կողմից նրա նկատմամբ որոնում հայտարարվելու պատճառով: Մ. Հուսեյնովը Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի (RATI) աշխատակից է, ում նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել անցյալ օգոստոսի սկզբին` կառավարությանը քննադատող հոդվածներով հանդես գալու համար:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան հայտնել է, որ «հետաքննության ժամկետի լիմիտն անցնելու հետ կապված` Հուսեյնովը դիմել է իր նկատմամբ արգելքը վերացնելու համար, ինչին ոստիկանությունը չի պատասխանել: Այժմ էլ պետությունը չի ճանաչում նրա քաղաքացիության անձնագիրը»:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Մեհման Հուսեյնովը 2014 թվականին Ադրբեջանում ձերբակալված 5-րդ բլոգերն է: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանում ներկայում հաշվում են 100-ից ավելի քաղբանտարկյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում