Իրանում կոչ են անում հայ գործարարներին արտոնյալ պայմաններով ներդրումներ կատարել Արաս ազատ տնտեսական գոտում

Իրանում կոչ են անում հայ գործարարներին արտոնյալ պայմաններով  ներդրումներ կատարել Արաս ազատ  տնտեսական գոտում

Իրանում կոչ են անում հայ գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանի հետ սահմանակից Արաս ազատ տնտեսական գոտում:

Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արաս առևտրային գոտու ղեկավար, Իրանի Մեջլիսի պատգամավոր Արաբբաղեն Մոհսենն իր ելույթում բարձր գնահատելով հայ իրանական հարաբերությունների ներկա մակարդակը,այնուամենայնիվ, շեշտեց, որ դրանք զարգացնելու և խորացնելու անհրաժեշտություն կա: Չնայած քաղաքական մակարդակում եղած սերտ համագործակցությանը, տնտեսական գործակցության ցուցիչները բավարար չեն: Նրա կարծիքով, հայ և իրանցի ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը և բարեկամական նախատրամադրվածությունը թույլ կտան սերտացնել նաև առևտրա-տնտեսական կապերը:

Իսկ Արաս ազատ գոտին բացառիկ հնարավորություն է ընձեռում երկու ժողովուրդներին ամուր հիմքերի վրա դնել տնտեսական համագործակցությունը:

«Վերջին ժամանակներս այս տարածաշրջանում առևտրային մեծ շարժ է նկատվում: ժամանակն է այս ամենը գործնական կիրառություն ունենա: Մենք մեծ արդյունաբերություն ունենք, իսկ Հայաստանը` մարդկային մեծ պոտենցիալ: Որոշ երկրներում լավագույն մասնագետները հայեր են: Կարծում եմ, որևէ խնդիր չի առաջանա, քանի որ ազատ գոտում բացառիկ պայմաններ են ստեղծված արդյուաբերություն կազմակերպելու և արտահանելու համար»:

2003թ-ի օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը հաստատեց Արաս ազատ գոտու ստեղծման մասին օրենքը: Այս օրենքով նախապայմաններ ստեղծվեց իրանական տնտեսության զարգացման համար:

Արաս առևտրի գոտին գտնվում է Արաքս գետի ափին, երկրի հյուսիս-կենտրոնական հատվածում: Այն սահմանակից է Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններին: Հսկայական մակերևույթ զբաղեցնող այս գոտին (52000) հա համարվում է Իրանի ամենամեծ առևտրի գոտիններից մեկը:

Այն տնտեսապես արագ զարգացող տարածաշրջան է, որտեղ  գրեթե տաս տարվա ընթացքում ներդրումները 11-ից հասել է 120 միլիոն դոլարի, իսկ արտահանումը` 44-ից 506 միլիոն դոլարի:

Արաս առևտրային գոտին լայն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ միայն տեղական ներդրողների, այլ նաև օտարերկյան գործարարների համար:Ներդրողները քսան տարվա ընթացքում ազատվում են հարկերից, օգտվում են մատչելի էներգիայի և գազի օգտագործման հնարավորություններին և բազմաթիվ այլ արտանոթյուններից, որոնք կախված են արդյունաբերության կազմակերպման ոլորտի հետ:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում