Թուրքիայի ճարտարապետները կոչով դիմել են Հռոմի պապին

Թուրքիայի ճարտարապետները  կոչով դիմել են Հռոմի պապին

Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ներկայացուցիչները նամակ են գրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին` կոչ անելով Թուրքիա կատարելիք այցի ժամանակ չայցելել նախագահական նոր պալատ:

Ճարտարապետները նամակում ընդգծել են, որ «Սպիտակ» անվանումն ստացած նախագահական պալատը, որի առաջին պաշտոնական հյուրն է լինելու Ֆրանցիսկոսը, կառուցվել է ապօրինաբար: Նրանք խնդրել են Անկարայում Վատիկանի դեսպանատնից իրենց դիմումը ներկայացնել Հռոմի պապին` կապված նոյեմբերի 28-ին նախատեսված պաշտոնական ընդունելության արարողության հետ: Ճարտարապետներն իրենց նամակում ներկայացրել են նախագահի նստավայրի անօրինականությունը փաստող ապացույցներ` հավելելով, որ նմանօրինակ դիմումներ ներկայացնելու են նաև օտարերկրյա դեսպանատներին և տարբեր երկրների նախագահներին` թույլ չտալու համար «Սպիտակ տան օրինականացումը»: Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ներկայացուցիչները հավաստիացրել են նաև, որ անհրաժեշտության դեպքում իրենք պալատի օրինականության հարցը կբարձրացնեն միջազգային մակարդակի:

Թուրքիայի նախագահական նոր նստավայրը զբաղեցնում է 300 հազար քառակուսի մետր տարածք և ունի 1000 սենյակ: Այն իր մեծությամբ առաջինն է ողջ աշխարհի նախագահական և թագավորական նստավայրերի շարքում: Թուրքիայի նախագահի պալատին մեծությամբ հաջորդում են Բրունեյի սուլթանի և Իսպանիայի թագավորի նստավայրերը: Թուրքիայի նախագահական նոր նստավայրի կառուցման և կահավորման համար ծախսվել է շուրջ 1 միլիարդ 370 հազար թուրքական լիրա (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար): Միայն նախագահի նստավայրի ներսում գտնվող աստիճանները, որոնց առաջ Էրդողանը կանգնելու է պաշտոնական ընդունելությունների ժամանակ, իրենց արժողությամբ շուրջ 4 միլիոն թուրքական լիրա են (շուրջ 1 միլիոն 790 հազար ԱՄՆ դոլար): Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահի նոր նստավայրի շուրջ անդրադարձներ է հրապարակում նաև միջազգային մամուլը: Բրիտանական ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահական նոր նստավայրը համարել են Էրդողանի անսահմանափակ իշխանության` սուլթանության խորհրդանիշ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում