Խոցված ուղղաթիռն ու ամերիկյան արձագանքները

Խոցված ուղղաթիռն ու  ամերիկյան արձագանքները

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարությամբ: Հատկանշանական է, որ ՊԵտդեպ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլքի հայտարարությունների միջև կրկին հավասարության նժար է դրվում, և կոչով դիմում են երկու կողմերին էլ:

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժին պատկանող ուղղաթիռի խոցման փաստը: Այս մասին հաղորդում է ABC News-ը: «Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, լարումները կրճատելու, հրադադարը հարգելու կարևորությունը»,- լրագրողներին ասել է Պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում-ի հաղորդմամբ` այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:«Կողմերը պետք է զերծ մնան իրավիճակի հետագա սրումից և բացառեն պատերազմը որպես տարբերակ»,-գրել է Ուորլիքը:

Այս առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Էդ Ռոյսը: Իրենց ելույթներում վերջիններս դատապարտել են կատարվածն ու բացասական գնահատական տվել Ադրբեջանի դիրքորոշմանն ու գործողություններին:
Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է.

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անզեն ուղղաթիռի խոցումը հերթական անգամ ներկայացնում է Ադրբեջանի կողմից մարդու կյանքի նկատմամբ լիակատար անտեսումն ու պատրաստակամությունը մասնակցել սադրիչ գործողությունների, իրականացնել բռնություններ, որպեսզի այդ կերպ շեղի ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից»,- հայտարարել է Ադամ Շիֆը` հավելելով, որ Ադրբեջանի կողմից սարսափելի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անկայանության հաստատմանն ու ճգնաժամի մեծացմանը:

Պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն էլ Վաշինգտոնում է հանդես եկել հայտարարությամբ և շեշտել, որ հայկական անզեն ուղղաթիռի խոցումը վնասում է այն փխրուն խաղաղությանը, որն այսօր առկա է տարածաշրջանում և կարող է նպաստել, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի բռնություն ու լարվածություն:
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նմանատիպ բոլոր գործողություններն ու սադրանքները և պարտավորվի առաջընթաց գրանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է Էդ Ռոյսն ու իր ցավակցությունն է հայտնել զոհված օդաչուների ընտանիքներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում