Նորվեգացի ավելի քան 300 բուժաշխատողներ կամավոր կմեկնեն Էբոլա վիրուսի համաճարակի գոտի

Նմանատիպ
Նորվեգացի 18 բուժքույրերից ու բժիշկներից բաղկացած խումբը նոյեմբերի 13-ին Օսլոյից ուղեւորվել Է բրիտանական Յորք, որպեսզի պատրաստության երեքշաբաթյա դասընթաց անցնի Արեւմտյան Աֆրիկայում աշխատելու համար, որտեղ շարունակում Է աճել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը: Իսկ ընդամենը մահացու հիվանդության բռնկումից տուժած երկրների բնակչությանն օգնելու միջազգային ծրագրին կամավոր հիմունքներով մասնակցելու պատրաստակամություն են հայտնել 300-ից ավելի նորվեգացի բուժաշխատողներ:
«Միջազգային կոչին Նորվեգիայի առողջապահության համակարգի աշխատակիցների արձագանքը պարզապես ֆանտաստիկ Է»,-այդ կապակցությամբ նշել Է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը:
Նորվեգիան արդեն շուրջ 50 մլն դոլար Է հատկացրել վիրուսի դեմ պայքարելու համար, սակայն, երկրի ԱԳ նախարար Բյորգե Բրենդեի խոսքով, առաջիկայում այդ նպատակով լրացուցիչ միջոցներ են հատկացվելու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը: ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 9-ի տվյալներով, վիրուսից առավել տուժած արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, մահացել է 5147 մարդ:
Ընդամենը վիրուսի զոհ է դարձել արդեն 5160 մարդ: Դրանով վարակվել է 14 հազար 98 մարդ: Էբոլայով հիվանդացածների թվի կտրուկ աճ է դիտվել Սիեռա Լեոնեում, որտեղ նոյեմբերի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 421 մարդու մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում