ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է լիարժեք գնահատական տա ուղղաթիռի խոցման կապակցությաամբ

ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է լիարժեք գնահատական տա ուղղաթիռի խոցման կապակցությաամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լիարժեք գնահատական տա Ադրբեջանի կողմից Արցախի ՌՕՈՒ ուղղաթիռի խոցման կապակցությամբ։ «Արդեն որերորդ դեպքն է, երբ Ադրբեջանի հերթական սադրանքին համապատասխան ուղղվածություն չեն տալիս Մինսկի խմբի համանախագահները։ Եթե նրանք ցանկանում են, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացը շարունակվի, ապա պետք է դատապարտեն Ադրբեջանին այս հանցագործության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 13-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և հավելեց, որ արդարացի գնահատականի բացակայության դեպքում Ադրբեջանի սադրանքները կարող են շատ ավելի լուրջ բնույթ կրել, որի հետևանքները անկանխատեսելի են։

Փորձագետը նշեց, որ զենք չկրող ուղղաթիռի խոցումը միջազգային հանրությունը պետք է որակավորի որպես հանցագործություն՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ «Մեր իշխանությունները պետք է ուղղաթիռի խոցման փաստը տեղափոխեն միջազգային դատական ատյաններ, որպեսզի Ադրբեջանը գոնե որևէ պատիժ ստանա և հետագայում կանխվի նման հանցագործությունների հնարավորությունը»,- ասաց արևելագետը։

Առաջնագծում իրավիճակը շարունակում լարված մնալ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակ ազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ է արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում