Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին․ Տաթևիկ Հայրապետյան

Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։
Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։ Թաթոյանը բերում է փաստեր, չի ասում՝ մարդկանց եմ հարցրել, ինֆորմացիա ունեմ թաքուն, արբանյակային լուսանկարներով հատ-հատ ցույց է տալիս, նաև խոսում ռիսկերի մասին։ Մինչ դա ադրբեջանական դիրքերի, դրանց ամրացումների մասին «Հետք» լրատվականն է պարբերաբար արբանյակային լուսանկարներ ներկայացրել։
Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Դրա մասին ՀՀ ՊՆ-ն երբեք որևէ լուսաբանում չի տվել։ Իհարկե, «Քանդենք պետությունը» կուսակցության անդամներն այս առումով ասելիք չունեն, դրա համար շուտ-շուտ նախկինների անունն են տալիս՝ հայտնի գործելաոճին հավատարիմ․ ամեն անհասկանալի իրավիճակում պետք է տալ նախկինների անունը։ Ես չեմ էլ զարմանա, որ նրանք որևէ բանից տեղյակ էլ չլինեն։ Այս ինֆորմացիան հավանաբար շատ նեղ շրջանակում է հայտնի եղել ու կոծկվել է։
Կարծում եմ՝ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա, ինչ է սա նշանակում։ Ինչո՞ւ եք մեզ բոլորիս հիմարի տեղ դրած պահում։ Ի վերջո նման բաները ինչ-որ պահից հայտնի են դառնալու։ Ու՞մ եք խաբում՝ ձեզ, թե հանրությանը…»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում