Արցախի քաղաքացիների համար հասանելի է դառնում սրտաբանական ծառայությունը

Արցախի քաղաքացիների համար հասանելի է դառնում սրտաբանական ծառայությունը

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կբացվի Անգիոգրաֆիկ առաջին կենտրոնը, որի շնորհիվ Արցախում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները հնարավորություն են ստանում բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ կիրառվում են աշխարհի լավագույն կլինիկաներում: Ինչպես «Արմ ենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ինվազիվ սրտաբանական ծառայությունը հասանելի կդառնա ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար:

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով ստեղծված կենտրոնը կարևորագույն քայլ է Արցախի առողջապահության ոլորտում, քանի որ հենց այնտեղ են կատարվելու սրտի եւ մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու ու բուժվելու անոթային խնդիրներ ունեցողները: Կենտրոնում արդեն տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ոչ միայն սրտի անոթների, այլեւ մնացած բոլոր օրգանների:

Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում եւ Ռուսաստանում՝ Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

Անգիոգրաֆիկ կենտորնն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով՝ սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապ օգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ կգնահատվի հիվանդի վիճակը, և նա ամենակարճ ժամանակում կտեղափոխվի Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում