Ադրբեջանցիները ԻԼԻՊ-ի շարքերում հայտնվում են վատ սոցիալական վիճակի պատճառած հուսահատությունից

Ադրբեջանցիները ԻԼԻՊ-ի շարքերում հայտնվում են վատ սոցիալական վիճակի	պատճառած հուսահատությունից

Ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դասախոս Ալեքսանդր Պերենջիեւը հայտարարել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մեջ մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է echo.az-ին տված հարց ազրույցում` նշելով, որ ԻԼԻՊ-ը սպառնալիք է հանդիսանում Հարավային Կովկասի` հատկապես Ադրբեջանի համար:

«Սպառնում է, եւ սպառնում է կոնկրետ: Բանն այն է, որ ԻԼԻՊ-ի մարտիկների մեջ մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան: Ընդ որում, ադրբեջանցի մարտիկների հոսքն ԻԼԻՊ Ադրբեջանի կողմից կանխված չէ», -ասել է նա: Պերենջիեւը հավելել է, որ պաշտոնական Բաքուն պետք է վերացնի իր քաղաքացիների` ԻԼԻՊ-ին միանալու պատճառները, ինչպես նաեւ պայքար տանի նրանց դեմ, ովքեր վերադառնում են հայրենիք` հանրապետությունում եւ Հարավային Կովկասում իրադրությունն ապակայունացնելու նպատակներով:

Անդրադառնալով ռուս քաղաքագետի դիտարկումներին, ադրբեջանցի քաղաքագետ, արաբագետ Զարդուշտ Ալիազադեն ցավ է հայտնել է, որ իր հայրենակիցները ԻԼԻՊ-ի «կարթն» են ընկնում անգրագիտության պատճառով:

«Ցավոք, Ադրբեջանում մեծ է անգրագետ երիտասարդների թիվը, այդ պատճառով էլ նրանք հեշտությամբ կուլ են տալիս ԻԼԻՊ-ի կարթը: Այդ բոլորին գումարած` երկրում շատերի մոտ վերացել է ինչ-որ լավ բանի նկատմամբ հավատը` հաշվի առնելով սոցիալական վատ վիճակը, կոռուպցիայի մակարդակը եւ այլն: Դրա դեմ վարչական միջոցներով պայքարն անիմաստ է: Անհրաժեշտ է վերացնել վերոնշյալ խնդիրները, որոնք մարդկանց հասցնում են հուսահատության», -ասել է նա:

Իսրայելացի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմին virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված հայտնել էր, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների` Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար», -ասել է իսրայելցի փորձագետը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: Սիրիայում կռվող ադրբեջանցիները 2013 թ. մայիսին հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադի (պատերազմ հանուն հավատի) դուրս գալ Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում