Ադրբեջանցի դիվերսանտները միմյանց մեղադրել են Ցականյանին սպանելու և դին դեպքի վայրից տեղափոխելու մեջ

Ադրբեջանցի դիվերսանտները միմյանց մեղադրել են  Ցականյանին սպանելու և  դին դեպքի վայրից տեղափոխելու մեջ

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, նոյեմբերի 18-ին կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության վայրի զննության և դիակի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները՝ լուսանկարչական հավելվածով: Այնուհետև արձանագրություններն ուսումնասիրելու և ծանոթանալու համար  ներկայացվել է մեղադրող և պաշտպանվող կողմերին:

Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե` ի վերջո, ո՞վ է սպանված պատանու մարմինը տեղափոխել դեպքի վայրից, ամբաստանյալներ Գուլիևն ու Ասկերովը փոխադարձաբար մեղադրել են միմյանց ինչպես սպանության, այնպես էլ դիակը դեպքի վայրից տեղափոխելու հարցերում: Մասնավորապես, ամբաստանյալ Ասկերովն իր ցուցմուքներում մի դեպքում պնդել է, թե իր ինքնաձիգը, որով իրագործվել է Սմբատ Ցականյանի սպանությունը, խմբի մյուս անդամների ինքնաձիգերից տարբերվում էր նրանով, որ բռնակը կոտրված էր, իսկ մյուս դեպքում, որ ինքնաձիգի ծալովի մասն է կոտրված եղել, որն էլ հետագայում փոխել է հանցախմբի մյուս անդամների հետ: Սակայն շարունակել է պնդել, որ սպանության գործում ինքը մասնակից չի եղել, ինչին հակադարձել է Գուլիևը՝ նրանից պահանջելով դատարանին պատմել ճշմարտությունը:

Հակառակ Ասկերովի ցուցմունքների, մեղադրող կողմը հանդես է եկել փորձագիտական եզրակացության հրապարակմամբ, ըստ որի, սպանության գործիքը չի փոխվել և այն հայտնաբերվել է Ասկերովի մոտ, որի վերաբերյալ վերջինս հստակ պատասխան չի կարողացել տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում