Դու ինչպե՞ս կարողացար ոչնչացնել մի ամբողջ հերոսական պատում ու 12․000 քառակուսի կիլոմետր տարածք նվիրել մեր թշնամուն․ Աշոտ Երկաթ
Կարդացեք նաև
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն (Երկաթ) անազատությունից հերթական նամակն է հրապարակել․ «Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։
Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի տանիքներին, ապա ճաղերի արանքներից թափանցել խցեր ու կացարաններ։ Ու ես ակամա հիշում եմ Մեծարենցին ու շուրթերս մրմնջում են․
-Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին․․․
Չէ, մեծ պոետ, այդպես չէ։ Բանտում գիշերը մտքերդ ճաղերից դուրս են թռչում, կատաղած հետ են գալիս նստում ուղեղիդ ծալքերին, մտնում հոգուդ խորքերն ու սկսում կրծել։ Մարմինդ կամա թե ակամա դառնում է ցանցկեն, ու մարդ սկսում է ինքնիրեն ուտել։
Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։
Մի քանի հոգու Հայաստանի հերոս տվեցիր, մի քանի դեգեներատի էլ «մեր ժամանակի հերոս»-ը տվեցիր, որ ժողովրդի աչքերը փակես։ Հերոսները դրանք չէին։ Հերոսները տղերքն էին, որ հայրենիք էին կերտում։ Հերոսը Մոնթեն էր, Բեկորն էր, Թաթուլն էր, Մերուժն էր, Լեոնիդն էր, որ Արցախի պետություն կերտեցին։
Հերոսները Վիկտոր Համբարձումյանն ու Համո Սահյանն էին, որ ցրտին, վառարանի մոտ նստած, ստեղծագործում էին, որ մշակույթ ու գիտություն ունենանք, որ երկիր ունենանք։
Հերոսն Արցախն էր, որ 120․000 մեծ ու փոքրով կանգնել էր 10․000․000 մարդակերների դեմ, կռիվ էր տալիս, որ տեսակը չկորցնենք, որ ցե՛ղը ցե՛ղ ապրի ու ապրեցնի։
Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։
Դու ինչպե՞ս կարողացար ոչնչացնել մի ամբողջ հերոսական պատում ու 12․000 քառակուսի կիլոմետր տարածք նվիրել մեր թշնամուն։
Գարեգին Նժդեհը ժամանակին ասել է․
«Չափվում են բանակները, սակայն հաղթում կամ պարտվում են զինվորը և առաջին հերթին առաջնորդը»։
Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․
Մեծն բանաստեղծ Համո Սահյանը 1993-ին մահվանից մի քանի օր առաջ գրել է քո մասին․
Փոխվել են տեղերն ու դերերը,
Բայց նույն է երախը վիշապի,
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ
Աշոտ Մինասյան «Երկաթ»»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում