Սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը. Վահե Դավթյան

Սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը. Վահե Դավթյան

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։Այս մասին գրել է Վահե Դավթյանը.

Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը։ Պատահական չէ, որ դեռևս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպես «անդրկովկասյան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, հատկապես 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։

Արցախում հետևողականորեն կառուցվում և արդիականացվում էին էներգետիկ ենթակառուցվածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային և կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցվածքային զարգացման ամենավառ դրսևորումներից էր Ստեփանակերտի օդանավակայանը:

Ձևավորվել էր էներգետիկ քաղաքականության օրենսդրական հիմք, որը միտված էր տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։

Արցախի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նույնիսկ այն ժամանակվա Հայաստանի համար համարվում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:

Մինչև 2020 թ. Արցախում իրականացվում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածավալ ծրագիր։ Կառուցվել էին տասնյակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետությունը աստիճանաբար մոտենում էր էներգետիկ ավելցուկ ունեցող տնտեսության մոդելին․ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում