ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմի դադարեցման համաձայնագրին․ հնարավոր է հայտարարություն արվի առաջիկա ժամերին

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմի դադարեցման համաձայնագրին․ հնարավոր է հայտարարություն արվի առաջիկա ժամերին

Սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են կրակի դադարեցումը, ենթակառուցվածքների նկատմամբ հարվածներից հրաժարումը և առաջիկա յոթ օրվա ընթացքում նոր բանակցությունների մեկնարկը։

Աղբյուրների համաձայն՝ քննարկվում է նաև ամերիկյան պատժամիջոցների փուլային մեղմացման կամ վերացման հարցը։

Միևնույն ժամանակ, Reuters-ը գրում է, որ հնարավոր դեէսկալացիայի մասին տեղեկությունների ֆոնին համաշխարհային շուկաները սկսել են աճ արձանագրել։ Ներդրողները ուշադիր հետևում են Վաշինգտոնից և Թեհրանից հնչող ցանկացած ազդակի՝ գրեթե երեք ամիս շարունակվող պատերազմի պայմաններում։

Չնայած դրան՝ կողմերի միջև հիմնական տարաձայնությունները շարունակում են պահպանվել։ ԱՄՆ-ը պահանջում է ապահովել ազատ նավարկություն Հորմուզի նեղուցով, ինչպես նաև սահմանափակումներ մտցնել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, մինչդեռ Թեհրանը հրաժարվում է արտահանել հարստացված ուրանը երկրի սահմաններից դուրս։

Հորմուզի նեղուցի շուրջ պահպանվող ռիսկերի պատճառով միջազգային շուկաները շարունակում են բարձր նավթային գների և համաշխարհային գնաճի նոր ալիքի վտանգը ներառել իրենց կանխատեսումներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում