Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Հայաստանի դպրոցներում ավարտվեց ուսումնական տարին: Շուտով կսկսվեն ավարտական քննությունները: Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես գրականություն և պատմություն առարկաներից ինտեգրված քննության՝ էսսեի մասով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, էսսե գրելու են աշակերտները, որոնք 9 տարի նման աշխատանք չեն կատարել: Հիմա ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները չեն էլ պատկերացնում՝ ինչ պետք է անեն: Ավելին, կան տեղեկություններով, որ նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունում լավ չեն հասկանում՝ ինչպես պետք է աշակերտները դուրս գան այս քաոսից:

Իսկ մինչ այդ անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատում՝ ԳԹԿ-ի մշակած «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների միասնական թեստի միջոցով: Մենք այս օրերին անընդհատ դժգոհություններ ենք ստացել, որ այդ միասնական թեստը պարզապես սթրեսի է ենթարկել թե՛ աշակերտներին (որոնք, ի դեպ, առաջին սերունդն են, որոնք առաջին դասարանից չեն գնահատվել), թե՛ դասվարներին, քանի որ եղել են խայտառակ բարդության (ասում են՝ ընդհուպ 6-7րդ դասարանի մակարդակի), խճողված առաջադրանքներով: Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ-ի, 2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա: Ավելին, վերը նշված թեստերի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա: Մեզ տեղեկացրեցին նաև, որ ի պատասխան ծնողների հարցումների, նախարարությունից ասել են, որ գնահատականները հայտնի չեն դառնալու ո՛չ ծնողներին, ո՛չ երեխաներին:

Այս ամենը հաշվի առնելով՝ հարց. ինչի՞ համար էր պետք այսպես սթրեսի ենթարկել բոլորին, նախարարությունում դրանից հաճույք են ստանո՞ւմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում