Անդրեա Պիրլո. Ինձ անվանեք Պիրլինյո

Վերջերս ներկայացրել ենք Իտալիայի առաջնության պատմության թոփ-5 տուգանային իրացնողներին, որոնց թվում էր «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն: Պիրլոն բազմիցս նշել է, որ տուգանային հարվածներ իրացնել սովորել է Ժունինյո Պերնամբուկանոյից:

Փորձառու իտալացին իր ինքնակենսագրական գրքում` «Մտածում եմ, հետևաբար խաղում եմ» առանձին գլխով անդրադարձել տուգանայինների իրացմանը և Ժունինյոյի հետ հարաբերությանը: Գրքի 16-րդ` «Ինձ Պիրլինյո անվանեք» մասը ներկայացնում ենք թարգմանաբար:

Ես իտալացի եմ ու կես բրազիլացի: Եթե ցանկանում եք, ինձ Պիրլինյո անվանեք: Երբ տուգանայիններ եմ իրացնում, պորտուգալերեն եմ մտածում, թեպետ տոնում եմ հարազատ լեզվով: Պտտեցնում եմ մեռած գնդակները: Յուրաքանչյուրն իր անունն ունի, նրանք ինձ համար երեխաների պես են: Նրանք նման են, բայց երկվորյակ չեն, թեև բոլորը հարավամերիկյան ծագում ունեն: Եթե ավելի հստակ` ինձ ոգեշնչողն Անտոնիո Աուգուստո Ռիբեյրո Ռեյս Ժունիորն է կամ կիսապաշտպանը, ով մտավ պատմության մեջ Ժունինյո Պերնամբուկանո անունով:

«Լիոնում» խաղալով` նա գնդակին ստիպեց անհավատալի բաներ անել: Ժունինյոն գնդակը դնում էր խոտածածկին, մի քանի տարօրինակ շարժումներ էր անում մարմնով, վազում էր ու խփում: Նա երբեք չէր վրիպում: Երբեք: Ես ուսումնասիրել եմ նրա վիճակագրությունն ու հասկացել, որ դա պատահական չէ: Նա դիրեժոր էր, բայց փայտիկները հակառակ էր բռնում` ոտքերով: Նա ոտքի մեծ մատով ցույց էր տալիս, որ ամեն ինչ լավ է:
Մանրամասն ուսումնասիրել եմ նրան, դիտել լուսանկարներն ու տեսանյութերը: Եվ վերջապես հասկացա: Ժամանակ ու համառություն էր անհրաժեշտ: Սկզբում ես նկատեցի, որ նա գնդակին բոլորի պես չէ հարվածում: Գնացի մարզման ու փորձեցի կրկնօրինակել նրա հարվածները: Սկզբում անօգուտ: Գնդակը կա՛մ դաշտի վրայով էր գնում, կա՛մ հասնում էր երկինք:

Մեծամասամբ գնդակը հատում էր Միլանելլոյի սահմանը: Ես երկրպագուներին ստում էի` ասելով, որ դիտմամբ եմ այդպես հարվածել. «Երեխանե՛ր, սա նվեր է ձեզ»: Ձևացնում էի, թե չգիտեմ, որ մարզումը փակ դռների հետևում է ընթանում, ու նրանք այդտեղ գտնվելու իրավունք չունեին: Քանի որ նրանք խախտել էին կանոնը, որոշեցի, որ իմ սուտը մեղք չէր համարվի: Ես մի քանի օր «կրակեցի» ագռավների ուղղությամբ, իսկ գույքի համար պատասխանատու տղան մի փոքր բարկացավ: Նա ցավով էր նայում, թե ինչպես եմ վատնում գնդակները: Օրերը վերածվեցին շաբաթների:

«Լավագույն մտքերը առավելագույնս կենտրոնանալու ժամանակ են գալիս»: Այդպես, հավանաբար, կասեր Ֆիլիպո Ինձագին: Այդպես պատահեց նաև ինձ հետ: Ժունինյոյի գաղտնիքի փնտրտուքներն ինձ կուլ էին տալիս, յուրաքանչյուր միտք նրա հարվածներին էր հանգում: Ճնշումը ավելանում էր: Ես գիտեի, թե Ժունինյոն գնդակի որ կետին է խփում. նա գնդակին միայն երեք մատով էր կպնում, ոչ թե ամբողջ թաթով, ինչպես կարող էր թվալ: Բայց ես չէի հասկանում, թե ինչպես է նա հարվածում:

Հաջորդ օրը վաղ առավոտյան ես գնացի դաշտ ու անգամ Նեստայի հետ PlayStation չխաղացի: Ես խաղակոշիկ չէի հագել, որ ցույց տամ` գտել եմ պատասխանը: Գույքի համար պատասխանատու տղան արդեն գործի էր անցել.

-Գնդակ տուր, խնդրում եմ,-ասացի ես:
-Գնա քո…,-քթի տակ ասաց նա:
-Ի՞նչ:
-Նույնից:
-Շարունակի՛ր նույն ոգով, հիմա՛ր, և գնդակները տու՛ր:

Նա դժվարությամբ տվեց մեկը: Հոգեպես նա պատրաստվում էր անտառ գնալ` գնդակի հետևից: Դրա փոխարեն ես այն ուղարկեցի ճիշտ նշակետին: Այնքան լավ հարվածեցի, որ որևէ դարպասապահը երբևէ բռնել չէր կարողանա: Բարեբախտաբար, մեր դարպասապահները դեռ չէին եկել:

-Ինչու՞ մեկ անգամ էլ չկրկնես հարվածն Անդրեա,-պրովոկացիոն հարց հնչեց թիկունքից:
Երկուսը կռվում էին մեկի դեմ. ես մի կողմում էի, գույքի համար պատասխանատու տղան ու Ժունինյոյի ուրվականը` մյուս: 
-Լավ, պարզապես նայիր: 

Ես վազեցի ու կրկնեցի նախորդ հարվածը: Գեղեցիկ ու հիասքանչ: Ու էլի 5 անգամ նույն կերպ հարվածեցի: Այդ պահից ես պաշտոնապես բացահայտեցի Ժունինյոյի հարվածի գաղտնիքը: Պետք է ոտքի երեք մատներով հարվածել գնդակի ստորին հատվածին: Ոտքը պետք է առավելագույնս ուղիղ լինի: Վերջին շարժման ժամանակ պետք է թուլացնել այն: Այդ դեպքում գնդակը չի դիպում հատակին, այլ միանգամից դարպասին է գնում: Ահա երկու խոսք դարպասապահների համար իմ անեծքից:

Եթե ամեն ինչ նկարագրածիս պես ընթանա, դարպասապահները հնարավորություն չեն ունենա: Այս հարվածը հատուկ մտածված է անկանխատեսելի ուղղությամբ թռնելու համար: Պաշտում եմ, երբ գնդակն անցնում է պաշտպանների պատի վերևով` մի քանի սանտիմետր բարձրությամբ: Նրանք գրեթե բռնում են գնդակը, բայց մի փոքր չի բավականացնում: Նրանք նույնիսկ կարող են արտադրողի անունը կարդալ: Սադիզմի տարրը հաղթանակը քաղցրացնում է:

Որքան դարպասից հեռու, այնքան լավ: Որքան հեռու ես դարպասապահից, գնդակն այդքան արագ է հասնում նպատակակետին: Ես կարող եմ ինչ-որ տարր ավելացնել, փոխել, սակայն կառուցվածքը չի փոխվում երբեք: Մահացած կետերով հարվածելը հսկայական հաճույք է: Զվարճանում եմ այն մտքից, որ օրինակ եմ մյուս ֆուտբոլիստների համար, որ ուսումնասիրում, կրկնօրինակում են ինձ, և հնարավոր է` կրկնեն որոշ ժամանակ անց: Որոշ մարդկանց համար ես Ժունինյո Պերնամբուկանո 2.0, բրեշիական ակցենտով բրազիլացի եմ:

Որևէ մեկին չեմ ասել, բայց իմ նպատակը Իտալիայի առաջնությունում բոլորից շատ տուգանային խփելն է: Դրա վրա ես երկար տարիներ է, որ աշխատում եմ: Մանուկ հասակում ֆուտբոլիստների պատի փոխարեն բազմոցն էի օգտագործում: Գնդակներին խաղալիք գնդակներն էին փոխարինում: 10-ից 9 դեպքում ստացվում էր: Այդ տարիներին «Gazzetta dello Sport»-ը գնում էի, քանի որ նրանք թերթի հետ դնում էին նաև լավագույն 10 տուգանայինների տեսանյութերը: Ես play կոճակն էի սեխմում և Բաջոն, Զիկոն, Պլատինին անցնում էին գործի: Հանճարեղ բան է կրկնությունը. կոճակի մեկ սեխմում, և երևակայությունը սահմաններ չունի:

 

Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում