Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
Կարդացեք նաև
Հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նշել է․ «Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները, և ընդդիմությունը հերթական անգամ, բայց ժամանակավորապես, կրեց պարտություն։
Ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան, ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք:
Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասին պայքարենք ու տանենք հաղթանակ: Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է անենք ճիշտ քայլեր:
Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ ղեկավարությանը, Եվրոպայի կարևոր պետությունների ղեկավարներին, ՌԴ ղեկավարին, Չինաստանի ղեկավարին և հուսով եմ՝ այս երկրներից կունենանք արձագանք»,-նշել է նա:
Կարապետյանն ասել է, որ հրավիրելու են ընդդիմությանը, այդ երկրների և այլ երկրների դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի լսեն առկա մտահոգությունները:
«Շուտով մենք միասին, բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ցանկանում եմ կոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանաք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով պատգամավորական մանդատները վերցնելու կամ չվերցնելու քննարկումներին՝ նա նշել է, որ պետք է հասկանալ, թե որ տարբերակով է հնարավոր ավելի շուտ «հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից»։
«Մենք՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկու տարբերակին էլ»։
Նրա խոսքով՝ նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Փաշինյանը միանձնյա կառավարի և ընդունի «Ալիևի բոլոր նարատիվները» և երկրի համար վտանգավոր նոր Սահմանադրություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում