Աունը Թրամփին խնդրել է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ երկրի հարավից զորքերը դուրս բերելու համար
Կարդացեք նաև
Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու հարցում, որպեսզի վերջինս դուրս գա Լիբանանի հարավում իր զբաղեցրած տարածքներից։
Ինչպես հայտնում է «Ալ Մանար»-ը, Լիբանանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում Թրամփը շնորհավորել է Աունին՝ ԱՄՆ միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կանգնած է Լիբանանի և լիբանանցի ժողովրդի կողքին և պատրաստ է աջակցել համաձայնագրի դրույթների իրականացմանը՝ երկրում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը աջակցում է Լիբանանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև լիբանանյան պետության իշխանության տարածմանը երկրի ողջ տարածքում՝ իր զինված ուժերի միջոցով։
Իր հերթին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Լիբանանի օրինական իշխանություններին, սահմանադրական և անվտանգային կառույցներին, հատկապես բանակին ցուցաբերած աջակցության համար։
Աունը նշել է, որ Լիբանանի պետությունը կստանձնի իր պատասխանատվությունը շրջանակային համաձայնագրի իրականացման հարցում՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը կնպաստի համաձայնագրի հնարավոր խախտումները կանխելուն և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի այն դուրս գա Լիբանանի հարավում իր զբաղեցրած տարածքներից՝ հնարավորություն տալով լիբանանյան բանակին տեղակայվել մինչև միջազգային սահման։
Հեռախոսազրույցի ավարտին Թրամփը նշել է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհանդիպի Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում