Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ քննարկել է Իրան-ԱՄՆ հուշագրի շրջանակում մարտական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Կատարը կշարունակի կատարել միջնորդի դերը և աջակցել հուշագրով նախատեսված բանակցային բոլոր գործընթացներին՝ համապարփակ և երկարատև կարգավորման հասնելու համար», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Լիբանանում զինադադարին։ Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի ռեժիմն անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել՝ երկրի միասնությունը, ինքնիշխանությունը և կայունությունը երաշխավորելու համար։

Միացյալ Նահանգների պատվիրակությունը բարձր է գնահատել Կատարի և Պակիստանի ջանքերը երկխոսության կազմակերպման գործում։ Ուիթքոֆը և Քուշները վստահեցրել են, որ Վաշինգտոնը մտադիր է այսուհետև էլ մասնակցել բանակցություններին և աջակցել «համապարփակ համաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում