Խմորումներ են եղել, ՀՀ իշխանություների ճնշումները և «Արցախֆրուտ»-ի թեման. Վահրամ Բալայանը՝ Աշոտ Դանիելյանի հրաժարականի մասին

Խմորումներ են եղել, ՀՀ իշխանություների ճնշումները և «Արցախֆրուտ»-ի թեման. Վահրամ Բալայանը՝ Աշոտ Դանիելյանի հրաժարականի մասին

Աշոտ Դանիելյանի հրաժարականն իր որոշում էր, ինքը գտնում էր, որ «Արցախֆրուտ»-ի թեմաներով անվստահություն կա և այդ պարագայում նպատակահարմար չի աշխատել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի հրաժարականին։

«Տարբեր բաներ են խոսում հիմա, բայց կարծում եմ նրա բացատրությունը բավարար էր հանրությանը ներկայացնելու համար։ Ցանկալի կլիներ, որ այդպես չլիներ՝ այսինքն հրաժարական չտար, մնար։ Ամեն ինչ արել ենք, որ նրան հետ պահենք, բայց դե այդպես է որոշել։ Ինքը սկզբից ասեց՝ ես պիտի մտածեմ, պիտի որոշեմ։ Դե այդպես է որոշել փաստորեն։ Վատ բան է, բայց դե, կարծում եմ, որ լուծման ինչ-որ բաներ կգտնվի»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այժմ, գործող կանոնակարգի համաձայն, Արցախի ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

«Նոր Ազգային ժողովի նախագահ ընտրելու վերաբերյալ կոնսուլտացիաներ կան, բայց այս պահին որևէ որոշում չկա։ Տրամաբանական է, որ ամենամեծ խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք»-ը, թեկնածու ներկայացնի և պատասխանատվություն ստանձնի։ Օրինակ՝ Ստեփանակերտում Դավիթ Իշխանյանի պարագայում այլ իրավիճակ էր ստեղծված և նա այդ պատասխանատվությունը վերցրեց՝ լինելով փոքր խմբակցության անդամ»,- մանրամասնեց Վ. Բալայանը։

Անդրադառնալով Աշոտ Դանիելյանի հրաժարականի հարցում ՀՀ իշխանությունների կողմից ճնշումների առկայությանը, պատգամավորն ընդգծեց, որ խմորումներ են եղել։

«Դե, գիտեք, այդ ներքին խմորումները եղել են, այսինքն՝ այն էլ կա, այն մյուսն էլ կա։ Ինձ թվում է, որ Աշոտ Դանիելյանի խոսքի մեջ այդ ամենը շերտերով երևում է, թե ինչն ինչպես է»,- ասաց Վ. Բալայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում