Թրամփը Իրանի ղեկավարությանը անվանել է «խելագար ստախոսներ»

Թրամփը Իրանի ղեկավարությանը անվանել է «խելագար ստախոսներ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ունեցած ելույթի ընթացքում կոշտ հայտարարություններ է արել Իրանի ղեկավարության հասցեին՝ նրանց անվանելով «խելագար ստախոսներ»։

«Նրանք ստում են։ Մենք համաձայնության ենք գալիս, բոլորը համաձայնվում են, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Սակայն հետո նրանք դուրս են գալիս մամուլի առաջ և հայտարարում, թե նման բան երբեք չի քննարկվել», — ասել է Թրամփը։

Նա նաև պնդել է, որ Իրանի իշխանությունները ճնշում են երկրի ներսում բողոքի ցույցերը։

«Նրանք վնասել են սեփական ժողովրդին։ Նրանք սպանել են 54 հազար մարդու, որոնք դուրս էին եկել բողոքի ցույցերի։ Երբ մարդիկ հարցնում են, թե ինչու իշխանությունը դեռ չի տապալվել, պատասխանը պարզ է՝ որովհետև այդ մարդիկ այլևս կենդանի չեն», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ընդդիմադիր քաղաքացիները զենք չունեն, մինչդեռ իշխանությունները զինված են և ուժ են կիրառում նրանց նկատմամբ։ Նա նաև մեղադրել է լրատվամիջոցներին՝ այս իրադարձությունները բավարար չափով չլուսաբանելու մեջ։

Խոսելով Իրանի հետ բանակցությունների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե ամերիկացի բանակցողները ցանկանան շարունակել դրանք, ինքը չի խոչընդոտի, սակայն անձամբ նման գործընթացում այլևս իմաստ չի տեսնում։

Նշենք, որ Թրամփի հայտարարություններում հնչեցված պնդումները, այդ թվում՝ զոհերի թվի վերաբերյալ, ներկայացվել են առանց  հաստատման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում