Խուզարկություն է իրականացվել «Սյունյաց երկրի» խմբագրի բնակարանում

Խուզարկություն է իրականացվել «Սյունյաց երկրի» խմբագրի բնակարանում

Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։ Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։ Այս մասին հայտնում է «Սյունյաց երկիր»-ը։

«Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր․․․ Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․

Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։ Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

«Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։ Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակում Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։

Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։

Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։

Քոլեջի «ճակատում» չգտնելով Կարեն Լազարյանին արատավորող փաստեր՝ բացվել է նոր «ճակատ»՝ կապված «Միասնության թևեր» կուսակցության հետ նրա առնչությունների հետ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում