Գլխավոր քարտուղարը չի խոսել ԼՂ ուսումնական վարժանքների մասին. ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակը ևս հերքեց ադրբեջանցիներին. Tert.am

ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմոնե դե Մանսոն, պատասխանելով Tert.am-ի հարցերին, ըստ էության հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք հաղորդել էին, որ, իբր, Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը քննադատել է
հայկական կողմին` ԼՂՀ-ում ուսումնական վարժանքներ անցկացնելու համար:

-Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին քննադատել է հայկական կողմին ԼՂՀ-ում ուսումնական  վարժանքներ անցկացնելու համար, ինչը հերքվել էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի կողմից: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել:

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոյեմբերի 26-ին Խորհրդարանական վեհաժողովում հանդես եկավ ծրագրային ելույթով: Այնուհետև նա պատասխանեց ներկաների հարցերին: Գլխավոր քարտուղարն այդպես էլ չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ուսումնական վարժանքին: Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասաց. «Թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը արժևորվում են որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ: Եվ դա մենք ևս մեկ անգամ արձանագրեցինք Ուելսում: Մեր դաշնակիցները հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և անկախության սատարման հանդեպ իրենց հանձնառությանը: Հենց այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք սատարել Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը: Սակայն, ինչպես արդեն նշեցի, ՆԱՏՕ-ի կողմից չկա որևէ անմիջական դերակատարություն՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Եվ մենք սատարում ենք մինսկյան գործընթացի 3 համանախագահներին, որպեսզի վստահ լինենք, որ արձանագրում ենք առաջընթաց այս դժվարին և կարևոր հակամարտության մեջ»:

– Չեք կարծու՞մ եք, որ ՆԱՏՕ-ն պետք է արտահայտի իր մտահոգությունը՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի առնչությամբ և ուղիղ մատնանշի Ադրբեջանը որպես լարվածության աճի հիմնական պատասխանատու:

-Նույն առիթով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր իր մտահոգությունը վերջին միջադեպերի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության համար չկա որևէ ռազմական լուծում, և որ քաղաքական լուծումը չունի այլընտրանք: Այս ելույթի և ներկաներին տրված պատասխանների վերջին սղագրությունը կարող եք գտնել ՆԱՏՕ-ի կայքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում