Իրանը Պարսից ծոցի երկրների և Հորդանանի վրա մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ հարվածներին մասնակցելու համար

Իրանը Պարսից ծոցի երկրների և Հորդանանի վրա մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ հարվածներին մասնակցելու համար

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մի շարք անդամներ և Հորդանանը ներգրավված են եղել ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Կուպերը բացահայտ հայտարարել է այդ երկրների մասնակցության մասին։ Բաղային նշել է, որ եթե ամերիկյան կողմի այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա հիշատակված պետությունները պետք է պաշտոնապես և հրապարակայնորեն հերքեն այն։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Թեհրանը, իր օրինական ինքնապաշտպանության իրավունքն իրացնելով, կարող է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմական բազաներին և ռազմական օբյեկտներին, որոնք տեղակայված են այդ երկրների տարածքում։ Նրա խոսքով՝ նման պայմաններում կասկածի տակ դնել Իրանի գործողությունների շարժառիթները «նշանակում է անտեսել տրամաբանությունը և փորձել մոլորեցնել հանրությանը»։

Բաղային ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված լարվածությունն ու անկայունությունը, իր գնահատմամբ, բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունների հետևանք են։ Նա հավելել է, որ այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրել են ԱՄՆ-ին ռազմական գործողություններ իրականացնելու համար, դառնում են այդ գործողությունների մասնակիցներ՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314-րդ բանաձևին և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետին։

«Իրանի կողմից ինքնապաշտպանության օրինական իրավունքի իրացումը միակ անհրաժեշտ քայլն է՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու ճանապարհին», – հայտարարել է Էսմայիլ Բաղային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում