Պուտինը և Սին հավաստիացրել են, որ Իրանին զենք չեն մատակարարի․ Դոնալդ Թրամփ

Պուտինը և Սին հավաստիացրել են, որ Իրանին զենք չեն մատակարարի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը իրեն հավաստիացրել են, որ իրենց երկրները չեն պատրաստվում զենք վաճառել կամ մատակարարել Իրանին։

Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը իր հետ վերջին հանդիպման ժամանակ Պեկինում հայտարարել է՝ Չինաստանը «ոչ մի դեպքում» չի մատակարարի և չի վաճառի զենք Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը վերաբերում է նաև չինական ընկերություններին։

«Հաշվի առնելով մեր հարաբերությունները՝ ես հավատում եմ նրա խոսքերին», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ նույն դիրքորոշումն է հայտնել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թրամփի խոսքով՝ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես չի վաճառի զենք Իրանին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Ռուսաստանը հասկանում է իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։

«Նա հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վճարում են ամբողջական գինը, իսկ ես չգիտեմ, թե ինչպես է այդ զենքը հետագայում բաշխվում», – նշել է Թրամփը։

Նրա գնահատմամբ՝ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք հաճախ հիշատակվում են Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, այս հարցում ներգրավված չեն։

«Եթե նրանք ներգրավված լինեին, դա շատ վատ կլիներ նրանց համար և, անկասկած, չէր բխի նրանց շահերից», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում